Գյումրիում բնակարան ստանալու իրավունքից զրկված անօթևաներն անելանելի վիճակում են. «Շիրակ կենտրոն»
Աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների հերթացուցակում հաշվառված, սակայն ՀՀ քաղաքաշինության նախարարության բնակարանների բաշխման հանձնաժողովի կողմից ընթացիկ տարում մերժված և բնակարաններ ստանալու իրավունքից զրկված 400-ի հասնող ընտանիքները, որոնք համալրելու են բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա գյումրեցի 3500 ընտանիքների շարքերը, նույնպես հայտնվել են անելանելի վիճակում, տեղեկացնում է «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը:
Նշվում է, որ նրանցից շատերն ապրում են այնպիսի ժամանակավոր կացարաններում և վագոն-տնակներում, որոնք վաղուց շարքից դուրս են եկել և դարձել բնակության համար ոչ պիտանի:
«Շիրակ կենտրոնի» ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բնակարանային իրավունքից զրկվածներից առավել ծանր է միայնակ կանանց և բազմանդամ ընտանիքների վիճակը:
Եթե նրանք նախկինում ընդգրկված լինելով բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևանների ցուցակում, հույս ունենալով, որ երբևէ բնակարան են ստանալու, մի կերպ դիմանում էին այդ կացարաններում, որոնցում թե՛ ձմռան, թե՛ ամռան ամիսներին գորշ և սոսկալի պայմաններ են ու գրեթե միշտ նույն ջերմաստիճանն է, ինչպիսին դրսում է, ամռանը՝ սաստիկ շոգ, ձմռանը՝ սաստիկ ցուրտ, ապա բնակարանային իրավունքից զրկվելուց հետո նրանք հայտնվել են նաև հոգեբանական ծանր վիճակում»,– ասվում է ՀԿ–ի տարածած հաղորդագրությունում:
Այդպիսի ծանր սոցիալական և հոգեբանական վիճակում է նաև իր տնակում միայնակ ապրող 51-ամյա Անահիտ Ցոլակյանը, ով օրերս է բնակարան ստանալու մերժում ստացել։
Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:










