Ընդդիմությունը չմիացավ Ծառուկյանին, նա էլ նույն ձևով պատասխանեց ընդդիմությանը. Ահարոն Ադիբեկյան

12:34 • 13.12.12

Սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը այսօր կայացած ասուլիսին հայտնեց, որ իրենք պատրաստվում են արտահերթ հարցում իրականացնել, որպեսզի գնահատեն քաղաքական դաշտում ստեղծված ներկայիս իրավիճակը։ Ըստ նրա՝ կարելի է զղջալ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը չառաջադրեց իր թեկնածությունը, քանի որ երկու հավասար քաղաքական ուժերի հայտնվելը կարող էր մթնոլորտն առողջացնել։


«Ընդդիմությունը չմիացավ Ծառուկյանի շուրջ, և նա էլ նույն ձևով պատասխանեց ընդդիմությանը։ Եվ, փաստորեն, մենք այսօր ստացել ենք միաբևեռ քաղաքական դաշտ»,- ասաց նա։


Միևնույն ժամանակ, սոցիոլոգի կարծիքով, դաշտում վերջապես ձևավորվեց կենտրոնամետ ուժ, ինչը, սովորաբար, ձևավորվում է երկու թևի՝ ընդդիմության և իշխանության վրա։ «Այս դեպքում կարևորն այն է, որ ընդդիմությունն ու իշխանությունը կարող են հենվել այդ կենտրոնամետ դիրքի վրա»,- ասաց նա՝ նշելով, որ կենտրոնում գտնվելն այնքան էլ մեծ բան չէ, բայց համարվում է կարևոր դիրք։


Ըստ նրա, Ծառուկյանը կամ վստահ չի եղել, որ կհաղթի, իսկ ցանկացած մարզիկ չի սիրում պարտվել, կամ էլ հնարավոր է, որ աշխարհաքաղաքական դաշտն է իր դերն ունեցել։


Ադիբեկյանն ասաց, որ այս ամենը միանշանակ կազդի նրա վարկանիշի վրա։ Իսկ այն դիտարկմանը, թե Ծառուկյանի չառաջադրվելը արդյոք կմեծացնի՞ Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ համախմբվելու հավանականությունը, բանախոսը պատասխանեց, որ ոչ։