Միջազգային կազմակերպությունները սիրիացի ընդդիմադիրներից պահանջել են ազատ արձակել ուկրաինացի լրագրողուհուն

10:06 • 13.12.12

Ոչ պետական կազմակերպությունները, մասնավորապես՝ Լրագրողների պաշտպանության կոմիտեն, Մամուլի միջազգային ինստիտուտը և «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, կոչ են անում սիրիացի ընդդիմադիրներին ազատ արձակել գերեվարված ուկրաինացի լրագրող Անհար Կոչնևային, ում նրանք խոստացել են մահապատժի ենթարկել այսօր, գրում է Russia Today-ը։

 

Առևանգման պատասխանատվությունը ստանձնած ընդդիմադիրները, ովքեր, ըստ նախնական տվյալների, Սիրիական ազատ բանակի անդամներ են, 50 մլն դոլար են պահանջել Կոչնևայի կյանքի դիմաց, հակառակ դեպքում՝ նրանք սպառնացել են դեկտեմբերի 13-ին սպանել նրան։

 

Նշված կազմակերպությունները դիմել են Սիրիական ընդդիմադիր և հեղափոխական ուժերի կոալիցիայի, ինչպես նաև  Սիրիական ազատ բանակի ղեկավարություններին՝ պահանջելով լրագրողի ազատ արձակումը։ Բացի այդ, կազմակերպությունները նաև կոչ են արել Եվրոպական Միությանը, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի կառավարություններին համագործակցել սիրիացի ընդդիմադիրների հետ, որպեսզի հնարավոր լինի խուսափել ուկրաինուհու մահից։

 

Ուկրաինայի իշխանություններն իրենց հերթին պահանջել են Դամասկոսից շտապ քայլեր ձեռնարկել և հստակ արդյունքների հասնել լրագրողի գործով։ Սրան ի պատասխան՝ ընդդիմադիրները հայտարարել են, որ պատրաստվում են հարձակումներ իրականացնել Ռուսաստանի և Ուկրաինայի դեսպանատների վրա։
 

«Ոչ մի ռուս, ուկրաինացի և իրանցի չպետք է ողջ մնա սիրիական հողի վրա»,-ասվում է ապստամբների  թողարկած տեսանյութում։