Տարոն Մարգարյանը մեծ արժանիքներ ունի, իսկ մեր ազգը` թագավորի կարիք. ակցիա (տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանի մոտ հավաքված մի խումբ երիտասարդներ, իրենց իսկ խոսքով՝ ամենայն լրջությամբ այսօր պահանջում էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին թագադրել ու արքա հռչակել:
Tert.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, նշեց, որ, ըստ իրենց, հարգարժան Տարոն Մարգարյանի համար քաղաքապետի պաշտոնը շատ քիչ է:
«Քանի որ նա մեծ արժանիքներ ունի, իսկ մեր ազգն էլ՝ թագավորի կարիք, ապա անհրաժեշտ է այդ ամենը համատեղել իրար»,- ասաց նա:
Ակցիայի մեկ այլ մասնակից լրացրեց, որ սա բոլորովին հեգնանք չէ, և իրենք համոզված են, որ եթե Տարոն Մարգարյանը դառնա թագավոր, վերջ կդրվի կոռուպցիային:
«Թագավորությունում կոռուպցիա չի կարող լինել, և Սերժ Սարգսյանն այսքան պայքարում է կոռուպցիայի դեմ անարդյունք, մենք միանգամից առաջարկում ենք թագադրելով վերացնել կոռուպցիան և բոլոր անարդարությունները, որովհետև բոլորը կենթարկվեն մեկ մարդու և արդեն խոսք չի կարող լինեն կոռուպցիայի մասին»,- ասաց նա:
Երիտասարդների խոսքով՝ թագադրելու միտքը հղացավ այն ժամանակ, երբ իրենք ականատես եղան քաղաքապետի բարի գործերին:
Նշենք, որ, ըստ նրանց տարածած հաղորդագրության պահանջին միացել են «Մեկ Տարոն» կուսակցությունների դաշինքը, «Տարոն Մարգարյան» հայրենակցական միությունը, «Չե՛նք ներելու» գեղեցկության սրահը, «Աներձագների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ն, «Երևանյան պինգվիններ» անանուն զոոֆիլների ակումբը, «Մի երկու կուրծք» ռուս կաթնարտադրողների արհմիությունը, «Տանեմ Տարոնենց տուն» առաքելական տաքսի սերվիսը, «Գեղեցիկ է» ավանդական բուտիկը, «Ավանի ձայնազուրկներ» ասոցիացիան, «Քարտաշ տարոնականներ» գերագույն օթյակն ու բոլոր 3 շռեկները:
Հաղորդագրության մեջ նրանք, մասնավորապես, նշում են. «Պահանջում ենք Սերժ Սարգսյանից, ներողություն խնդրել Մեծն Տարոնից, նրան ուղղված «Տարոն ջան, գեղեցի՛կ չէ» բառերի համար, որոնք ստվերել են Տարոնի գեղագիտական արժեքը և ճանաչել Տարոնի ծավալատարածքային ամբողջականությունը Երևանի տարածքում։ Պահանջում ենք Ազգային ժողովից ընդունել տարոնահայերի ազգային ինքնորոշման իրավունքը և ճանաչել նոր քաղաք պետության՝ Տարոնավանի անկախությունը նախկին Երևան քաղաքի տարածքում:
Պահանջում ենք Գարեգին Բ-ից, օծել Տարոնին Տարոնավանի արքա, իսկ Նավասարդ Կճոյանին կարգել նրա հոգևոր վարորդ՝ իր սուրբ Բենթլի մեքենայով։
Այսուհետ Տարոնին դիմել Ձերդ Չափազանցություն, շնորհել բոլոր հնարավոր շքանշանները և կարգել Մարգարանց Տարոն 1-ին Գեղեցիկ արքա: Պահանջները չկատարելու դեպքում, մենք ձեզ կայրենք դժոխքի կրակներում»:










