Տիգրան Սարգսյանը հանդիպել է Մասաչուսեթսի նահանգապետ Դեվալ Պատրիկի հետ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 12-ին հանդիպել է ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգապետ Դեվալ Պատրիկին, տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
Տիգրան Սարգսյան նախագահ Սերժ Սարգսյանի անունից Մասաչուսեթսի նահանգապետին է փոխանցել Մխիթար Գոշի մեդալը:
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Դեվալ Պատրիկին Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանի կառուցման գործում ցուցաբերած աջակցության համար։
Նահանգապետը ՀՀ վարչապետին խնդրել է իր երախտագիտության խոսքերը հայտնել ՀՀ նախագահին շքանշանի համար։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են համագործակցության հեռանկարները: Մասաչուսեթսի նահանգապետը բարձր է գնահատել հայ համայնքի դերն ու ներգրավվածությունը նահանգի կյանքում:
Հանդիպումից հետո Տիգրան Սարգսյանն այցելել է Բոստոն քաղաքի Հայկական ժառանգության պուրակ և ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։










