Հայկական բեռներ արտահանող ավտոմեքենաները դեռ արգելափակված են Վերին Լարսի մոտ

17:58 • 13.12.12

Շուրջ մեկ շաբաթ է Ռուսաստան-Վրաստան սահմանի Վերին Լարսի մոտ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացած ձյան և ճանապարհների փակված լինելու հետևանքով հարյուրավոր բեռնատարներ կանգնած սպասում են ճանապարհի բացմանը: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Վրաստանի տարանցիկ ճանապարհով Ռուսաստան և այլ երկրներ առաքող մի քանի ընկերությունների ներկայացուցիչներ:


«365 գրուպ ՓԲԸ»-ի տնօրեն Վահագն Գևորգյանը իրավիճակը նկարագրեց այսպես.«Մոտ 50 մեքենա կանգնած է, պատրուլները չեն թողնում, իրենցից առաջ էլի մի 50 մեքենա է կանգնած, ու տենց»:


Ընկերության տնօրենը տեղեկացրեց, որ Վրաստանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները չեն թույլատրում, որ աղով բարձած մեքենաները աղ ցանեն:


«Վարորդները մեկնաբանում են այնպես, որ էնտեղ կան ձյան քարշակ ֆուրեր, ու ոնց որ մաֆիա լինի էդ քարշակ մեքենաների խումբը»,- ասաց ընկերության տնօրենը:


Նշենք, որ մեկ մեքենայի համար քարշակի ծառայությունից օգտվելը մոտ 300 ԱՄՆ դոլար է:


Ընկերությունն իր բեռներն առաքում է սառեցվող, տաքացվող մեքենայով և հարկադրված կանգառի ողջ ընթացքում արտահանվող գինիները տաքացվել են: Սա լրացուցիչ ծախս է, բայց ընկերության տնօրենի խոսքով, ամենասարսափելի վնասը կկրեն, եթե ընկերության ապրանքը մինչև դեկտեմբերի 20-ը տեղ չհասնի Ռուսաստան և Ղազախստան՝ Նոր տարվան ընդառաջ վաճառվելու համար:


Ի պատասխան հարցի, թե չե՞ն դիմել Կառավարությանը Վահագն Գևորգյանն ասաց. «Ո՞ւր ա մեզ տրանսպորտի վարչություն: Իրավիճակը նենց չի, որ մենակ ինձ մոտ է, սաղ Հայաստանը տեղյակ է դրանից, Կառավարությունը նույնպես։ Ուղղակի ոչ մի բան, երևի, չեն կարողանում անել»:


«Սիս նատուրալ» ընկերության տնօրեն Արմեն Հակոբյանը, ասելով, որ ամեն տարի այս իրավիճակը կրկնվում է, ներկայացրեց հարցը մեկընդմիշտ լուծելու մի քանի առաջարկներ՝ «հաշվի առնելով, որ այդ ճանապարհը Հայաստանը սնուցող վերգետնյա հիմնական ավտոմոբիլային ճանապարհն է»:


«Քանի որ Վրաստանը և Ռուսաստանը չունեն առևտրային տենց հարաբերություններ, այդ ճանապարհից ավելի շատ օգտվում են հայկական մեքենաները: Դրա համար կարծում եմ, որ պետք է տեղում ապահովել հայկական քարշակներով ու ձյուն մաքրող մեքենաներով, որ հենց ձյունը գա մաքրեն: Կամ կառաջարկեի էդ ճանապարհը դարձնել մասնավոր, եթե Վրաստանի պետությունը այն չի մաքրում»,- ասաց նա:


Վերին Լարսում արգելափակված ընկերությունների թվում են եղել նաև «Եվրոթերմ» ընկերության երկու մեքենաները, որոնք այսօր առավոտյան շարժվել են տեղից: Այս մասին Tert.am-ին ասաց ընկերության տնօրեն Վահե Ղազարյանը:


Նա ևս լսել է, որ վրացական ընկերություններն այնքան էլ ոգևորված չեն այն հանգամանքից, որ հայկական ընկերություններն են իրականացնում քարշակի ծառայություն այդ կետում արգելափակված մեքենաների համար:


Այս ընկերությունը եղանակային պայմանների պատճառով լուրջ վնասներ չի կրել, քանի որ Նոր տարվա առևտրի հետ կապված բոլոր պարենային ապրանքները ընկերությունը մինչև նոյեմբերը ամիսը բեռնափոխադրել է:


Tert.am-ի հետ զրուցեց նաև «Ապավեն» միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը, ով ստեղծված իրավիճակի համար մեղադրում է միմիայն առաքող ընկերություններին:


«Վրաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրեց, որ առաջին իսկ ձյան տեղումից հետո, ճանապարհը փակ է լինելու: Եթե ճանապարհը հայտարարված է փակ, որևէ մեկը պարտավոր չէ դա սպասարկել: Եվ եթե փակ է, և բոլորը գիտեն այդ մասին, ինչո՞ւ են գնում»,- ասաց «Ապավեն» ընկերության տնօրենը։


«Մեր հայկական մենթալիտետը նորից աշխատում է: Գրել են՝ փակ է, չէ՞, պետք է գնան, հետո՞ ինչ, որ հայտարարել են: Է թող չգնան, ո՞վ է ստիպում նրանց գնալ այդ ճանապարհով, եթե դա վտանգավոր է, վնասակար է, ռիսկային է»,- ավելացրեց Գագիկ Աղաջանյանը:


«Ապավեն» ընկերության տնօրենն ասվածում համոզվելու համար առաջարկեց մեկ անգամ այցելել այդ՝ իր խոսքով՝ ձմռանը ինքնասպանների ճանապարհը և սեփական աչքով համոզվել, որ ճանապարհի ամեն քառակուսի մետրի վրա զոհված վարորդների մահարձաններ ու ի հիշատակ նրանց խաչեր են տեղադրված: Նա նշեց, որ խորհրդային տարիներին, անկախ նրանից, ձյուն տեղացել էր, թե ոչ, նոյեմբերի 15-ին  այդ ճանապարհը փակ էր լինում քարշակով մեքենաների համար:


«Գումար չի կարելի աշխատել ռիսկի դիմելով ապրանքը, մարդու կյանքը, առողջությունը: Չի կարելի, ոչ մի գումար դա չի արդարացնում»,- ասաց Գագիկ Աղաջանյանը և հավելեց, որ եթե բեռնատարի սեփականատերը շահում է, ապա այդ շահույթը թվացյալ է, և բոլոր ռիսկերը գումարելով՝ ստացվում է մի մեծ «մինուս», եթե ինչ-որ մեկին հաջողվում է անվտանգ անցնել:


Այդ բոլոր գործոններն են՝ վարորդի աշխատավարձը, նրա գործուղման ծախսերը, մեքենաների կանգնելու պատճառով լրացուցիչ վառելիքի ծախսը, հյուրանոցներում նրանց մնալը, ջեռուցումը, բեռի փչանալու վտանգը, վերջին հաշվով՝ սառելու, հիվանդանալու կամ վթարի ենթարկվելու ռիսկերը:


«Հետո դնում են ծանր վիճակում և՛ Հայաստանի փոխադրողներին, և՛ իշխանություններին, որոնց վրա փոխադրողները սկսում են ճնշում գործադրել՝ «թե զանգե՛ք Վրաստան, խնդրե՛ք, համոզե՛ք, որ բացեն: Ախր բացելու բան չի: Բնության դեմ չի կարելի պայքարել, և վրացիները իրավացի են»,- ասաց նա:


Այնպես որ, Գագիկ Աղաջանյանը բոլորին կոչ է անում գնալ մի փոքր ավելի երկար և ծախսել մի քիչ ավելի շատ, բայց գնալ երաշխավորված ու անվտանգ ճանապարհով: Այդ այլընտրանքային ուղիներն են՝ լաստանավային փոխադրումները, ճանապարհը Ուկրաինայով կամ Նովոռոսիյսկով:


ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության արտաքին կապերի վարչությունից՝ ի պատասխան Tert.am-ի հարցմանը, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում խնդրի կարգավորման համար, պատասխանեցին, որ նախարարությունը Վրաստանի համապատասխան մարմինների հետ մշտապես պահպանում է կապ, ինչպես նաև բանակցություններ են տարվում Կազբեկ-Վերին Լարս սահմանային անցման հատվածում բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի կուտակումները նվազեցնելու նպատակով քարշակների թվի մեծացման ուղղությամբ:


«Կազբեկի հատվածում դժվարանցանելի հատվածները հաղթահարելու միակ տարբերակը բեռնատար տրանսպորտային միջոցները հատուկ ծանրաքաշ քարշակների միջոցով փոխադրելն է, որը կարող է իրականացնել միայն վրացական կողմը»,- նշված է նախարարության գրության մեջ:


Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ Կապի և տրանսպորտի նախարարության պաշտոնական էջում տեղադրվում է տեղեկատվություն՝ Վերին Լարսի իրավիճակի վերաբերյալ: