Վիրուսային անվտանգության տեսակետից մեր՝ հայերիս, արյունը բավականին առողջ է. արյունաբանական կենտրոնի տնօրեն

13:07 • 14.12.12

Երբ որևէ առողջական խնդիր ունեցող մարդու արյուն են փոխներարկում, չի բացառվում, որ այդ ճանապարհով վարակ տարածվի։ Սակայն, ինչպես այսօր կայացած ասուլիսին ասաց ՀՀ առողջապահության նախարարության արյունաբանական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը, դոնորության արդյունքում ստացված արյունը պարտադիր հետազոտվում է, և այդ հետազոտությունները ցույց են տվել, որ վիրուսային անվտանգության տեսակետից մեր՝ հայերիս, արյունը բավականին առողջ է։


«Հիմնականում հետազոտում ենք ՄԻԱՎ վարակի, բրյուցելոզի, հեպատիտի համար, և այս գործընթացը մեր երկրում իրականացվում է պատշաճ մակարդակով»,- ասաց նա։

 

Բանախոսի տեղեկացմամբ, այս տարի Հայաստանում 14 հազար դոնոր է արյուն տվել, սակայն այդ թիվը պետք է հասնի շուրջ 60 հազարի, որպեսզի համապատասխանի միջազգային չափանիշներին։

 

«Զարգացած երկրներում բնակչության 38%-ը դոնոր է հանդիսանում»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ դոնոր լինելը նույնպես բարեգործություն է, և այդ շատ կարևոր բարեգործական ակցիան պետք է լինի մեր հասարակական կազմակերպությունների, «Կարմիր խաչի», հոգևոր դաշտի մշտական ուշադրության կենտրոնում։


«Ինչպես ես, այնպես էլ մեր կենտրոնի բոլոր բժիշկները համարվում ենք դոնորներ, մենք ունենք բժիշկներ, ովքեր շուրջ 60 անգամ դոնոր են հանդիսացել»,- նշեց նա։


Հայաստանում հավաքագրվող արյան քանակի վերաբերյալ Դաղբաշյանն ասաց, որ այսօր իրենք ունեն արյան բանկի պաշարներ, և եթե հանկարծ հանրապետությունում ինչ-որ անսպասելի դեպք կամ պատերազմ լինի, կարող են բավարարել պահանջվող արյան կարիքը։


Նա նաև նշեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում բազմաթիվ բարեփոխումներ են իրականացրել այս ոլորտում, կատարվել է նաև ոլորտի օրենսդրական դաշտի կարգավորմանն ուղղված քայլեր։