Ադրբեջանն ինքն ասում է, ինքը՝ լսում. Էդվարդ Նալբանդյանը դուբլինյան հայտարարության թեմայով

17:01 • 14.12.12

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի ԱԳ նախարարներ Ռադոսլավ Սիկորսկի, Կարլ Բիլդտը և Նիկոլայ Մլադենով այսօր Երևանում ունեցած հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ժամանակ ՀՀ արտգործնախարարը ներկայացրել է, թե ինչ հարցեր են քննարկվել հանդիպմանը և պատասխանել Դուբլինում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ արված հայտարարությանը։ 


«Ես կցանկանայի ողջունել այսօր Հայաստան այցելող Շվեդիայի, Լեհաստանի և Բուլղարիայի իմ գործընկերներին` պարոն Կարլ Բիլդտին, Ռադոսլավ Սիկորսկուն և Նիկոլայ Մլադենովին: Հատկապես կցանկանայի ողջունել Նիկոլայ Մլադենովին, ով առաջին անգամ է այցելում Հայաստան: Շվեդիայի և Լեհաստանի իմ գործընկերները նախկինում եղել են այստեղ:


Այսօր այս երկրների հետ մենք բավական լայնածավալ երկկողմ համագործակցություն ունենք, որը հիմնված է բազմադարյա բարեկամական հարաբերությունների վրա: Մենք համագործակցում ենք թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ շրջանակներում:


Հատկապես ես կցանկանայի նշել Արևելյան գործընկերության նախաձեռնությունը, որի ակունքներում եղել են Շվեդիան և Լեհաստանը, և այսօր էլ կարևոր դերակատարություն ունեն Բուլղարիայի և այլ երկրների հետ միասին: Մենք կարևորում ենք այս նախաձեռնությունը և այդ շրջանակներում արդեն բավական կարևոր քայլեր են արվել:


Մենք արդեն հայտարարել էինք, որ մեծ առաջընթաց է արձանագրվել Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում, որ մոտեցել ենք դրանց ավարտին: Առաջընթաց է արձանագրվել նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցություններում: Հուսով ենք, որ այս բանակցային գործընթացն ավարտին կհասցվի մինչ մյուս տարվա նոյեմբեր ամիս` Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովը:


Ավարտել ենք վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ բանակցությունները և շուտով` մի քանի օրից, կստորագրենք համապատասխան համաձայնագիրը: Դա լավ հնարավորություններ կտա Հայաստանի երիտասարդությանը, ուսանողներին, մշակութային գործիչներին, գործարարներին, սպորտի և այլ բնագավառների ներկայացուցիչներին ավելի դյուրին կերպով մուտք գործել Եվրոպական միության երկրներ:


Մենք նաև օգտագործեցինք առիթը քննարկելու գալիք Վիլնյուսյան գագաթնաժողովը, անդրադարձանք մի շարք միջազգային և տարածաշրջանային հարցերի:


Ես տեղեկացրեցի իմ գործընկերներին Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցությունների, կարգավորման հետ կապված վերջին զարգացումների մասին:


Այսքանով եզրափակեմ և խոսքը փոխանցեմ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկիին»,– ասել է Էդվարդ Նալբանդյանը:


News.am–ի լրագրողի ուղղած հարցին, թե ինչպես կմեկնաբանեք այն, որ Դուբլինի հանդիպումից հետո ադրբեջանական կողմը հայտարարություններով է հանդես գալիս` մեղադրելով Հայաստանին, որ հնգակողմ հայտարարությունը չընդունվեց հայկական կողմի պատճառով, Էդվարդ Նալբանդյանը պատասխանենլ է հետևյալ կերպ.


«Ես կառաջարկեի համեմատել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ելույթները Դուբլինում և դուք կտեսնեք, որ ինչ-որ ասում է Հայաստանի արտաքին գործերի նախարարը համահունչ է եռանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությանը:


Իսկ ի՞նչ է Ադրբեջանի նախարարը։ Իրենք ասում են, իրենք` լսում: Ես հիշեցնեմ, որ դա առաջին անգամը չէ, որ չստացվեց հնգակողմ հայտարարությունը, այդպիսի դեպքեր եղել են: Օրինակներից մեկը՝ Ալմաթայում 2010 թվականի հուլիսին հնգակողմ հայտարարություն էր պատրաստվում, բայց Ադրբեջանը պնդում էր տարածքային ամբողջականության սկզբունքի կարևորության, գերակայության վրա՝ համեմատած այլ սկզբունքների հետ: Ավարտվեց նրանով, որ չեղավ հնգակողմ հայտարարություն, բայց եղավ եռակողմ հայտարարություն, որտեղ եռանախագահները նշեցին, որ բոլոր սկզբունքները և դրույթները, որոնք առաջարկվել էին եռանախագահների կողմից, մեկ ամբողջություն են և չի կարելի բաժանել մեկը մյուսից և որևէ սկզբունք, որևէ դրույթ չի կարող գերակայել մյուսների նկատմամբ:


Այս անգամ ադրբեջանցիները, չգիտես ինչու, չուզեցան, որ երեք հայտնի սկզբունքները՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշում և տարածքային ամբողջականություն, անգամ հիշատակվեն: Ինչի՞ն հասան։ Հնգակողմ հայտարարություն չեղավ, բայց եղավ եռակողմ հայտարարություն, որտեղ եռանախագահները ընդգծեցին այս երեք սկզբունքները: Ավելին ես ասեմ, Դուբլինում եռանախագահների կողմից արված հայտարարությունը ողջունելի է Հայաստանի կողմից և մենք կարող ենք նույն հայտարարությունն անել: