Նորաստեղծ «Ժողովրդավարական Հայաստան» երիտասարդական կուսակցությունը կհամագործակցի ցանկացած կուսակցության հետ
Հայաստանում գործող կուսակցությունների թիվը համալրվել է ևս մեկով՝ ի դեմս «Ժողովրդավարական Հայաստան» երիտասարդական կուսակցության: Այն, ըստ հիմնադիրների հայտարարության, այս պահին գտնվում է իր կազմավորման փուլում: Այսօր կայացած կուսակցության առաջին մամուլի ասուլիսին կուսակցության հիմնադիր-նախագահ Վաղարշակ Հակոբյանը նշեց, որ դրա հիմնական կազմը երիտասարդներ են, և իրենք փորձելու են լուծել երիտասարդներին հուզող խնդիրներ:
Հարցին, թե ինչո՞ւ որոշեցին կուսակցություն հիմնել նախագահական ընտրություններին ընդառաջ, Վաղարշակ Հակոբյանը պատասխանեց. «Կուսակցության ստեղծումը հասունացավ հենց այս պահին և պարզապես զուգադիպեց ընտրությունների հետ: Իսկ թե հնարավոր է մենք որևէ թեկնածուի սատարենք, պարզ կլինի մոտ մեկ ամիս հետո տեղի ունենալիք համագումարից հետո: Հստակ է մի բան, որ մենք գործելու ենք պետական շահերին համապատասխան: Այս պահին ունենք մոտ երեք հարյուր համակիրներ»,-ասաց նա:
Կուսակցության փոխնախագահ Մխիթար Հայրապետյանը նշեց, որ պետք է ռեալ խոսել և ընդգծեց, որ իրականում իրենց աջակցությունը ոչ մի թեկնածուի համար նշանակություն ունենալ չի կարող:
«Մենք նոր ստեղծված ուժ ենք և մեր սատարումը նույնիսկ ծիծաղ կառաջացնի»,-ասաց նա:
Երիտասարդները նշեցին, որ իրենք հետագայում պատրաստ են համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ, որը կգործի հանուն պետական շահի: Նրանք չնշեցին որևէ կուսակցության անուն, որի հետ կբացառեին համագործակցությունը:
«Քաղաքականության մեջ ոչինչ չպետք է բացառել»,-ասաց կուսակցության նախագահը:
Անդրադառնալով կուսակցության ֆինանսական հարցերին, նախագահը նշեց, որ իրենք անդամավճարներով են գոյատևելու, ինչը իրատեսական են համարում:










