«Հանրապետական» խմբակցության անդամներն առաջարկում են դեկտեմբերի 1-ը` որպես Վերամիավորման տոն, մտցնել տոնացույց
Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամներ` Արտաշես Գեղամյան, Խոսրով Հարությունյան, Հայկ Բաբուխանյան հեղինակային խումբը շրջանառության մեջ է դրել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Հայաստանի պետական տոնացույցում ավելացնել ևս մեկը՝ դեկտեմբերի 1-ը՝ որպես Վերամիավորման տոն:
Հիշեցնենք, որ 23 տարի առաջ, 1989թ. դեկտեմբերի 1-ին, Հայաստանի Գերագույն խորհուրդը և Արցախի Ագային խորհուրդը համատեղ նիստում հռչակեցին Հայկական ԽՍՀ-ի և Արցախի վերամիավորումը: Արցախի բնակիչներին տրվեց ՀԽՍՀ քաղաքացիություն, սկսվեցին տնտեսական, կրթական, սոցիալական, առողջապահական և այլ համակարգերի ինտեգրացման գործընթացները: 1990թ. մայիսին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրությունները անցկացվեցին վերամիավորված Հայաստանի ամբողջ տարածքում, մասնավորապես՝ Արցախում ձևավորված վեց ընտրատարածքներում: Այնուհետև դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշումն ամրագրվեց Հայաստանի Անկախության մասին հռչակագրում:
Կից ներկայացված հիմնավորման մեջ նշվում է, որ Վերամիավորման որշումն ունեցավ անգերագնահատելի հոգեբանական, քաղաքական, սոցիալ-տնտեսական նշանակություն, նպաստեց ադրբեջանական ագրեսիային դիմագրավելուն:
«Ինչ վերաբերում է քաղաքական, դիվանագիտական, բանակցային և քարոզչական հարթություններին, ապա այստեղ նույնպես վերամիավորման որոշմանը պետք է հատկացվի ավելի մեծ տեղ՝ նշելով, որ Արցախը Ադրբեջանի կազմում չէր ոչ միայն վերջինիս ԽՍՀՄ-ի կազմում անդամակցելու պահին՝ 1922թ., այլ նաև ԽՍՀՄ-ի վեջին տարիներին՝ սկսած 1989թ. դեկտեմբերի մեկից»,- նշել են հեղինակները:










