Իսրայելցի զինվորականները հարձակվել են Reuters-ի աշխատակիցների վրա և ստիպել մերկանալ
Reuters գործակալությունը մեղադրել է իսրայելցի զինվորականներին իր օպերատորների վրա հարձակվելու համար, հայտնում է Лента-ն։ Ինչպես ասվում է գործակալության այս գիշեր տարածած հաղորդագրության մեջ, հարձակումը կատարվել է չորեքշաբթի երեկոյան։
Reuters-ի վստահեցմամբ՝ իսրայելցի զինվորները հարվածել են օպերատորներին և ստիպել մերկանալ փողոցի մեջտեղում, ինչպես նաև կիրառել են արցունքաբեր գազ, որի հետևանքով աշխատակիցներից մեկը հոսպիտալացվել է։
Իսրայելի ռազմական գերատեսչությունը խոստացել է լրջորեն մոտենալ կատարվածին, սակայն ոչ մի բացատրություն հաղորդագրությանը չի հետևել։
Տուժողներ Յուսրի ալ- Ջամալի ու Մաամուն Վազվազի խոսքով՝ զինվորականները կանգնեցրել են իրենց ստուգիչ- անցագրային կետի մոտ, որի տարածքում իսրայելցի կին սահմանապահը կրակել էր մի դեռահասի, ում ձեռքին խաղալիք ատրճանակ է եղել։
Չնայած նրան, որ գործակալության աշխատակիցների մեքենայի վրա նշված է եղել «TV», իսկ իրենք եղել են «Press» գրությամբ բաճկոններով, մեքենան կանգնեցրել են և լրագրողներին ստիպել դուրս գալ։ Տուժողների խոսքով՝ զինվորները մեղադրել են իրենց Բեցելեմի համար (իսրայելական ոչ առևտրային կազմակերպություն, որն ինֆորմացիա է հավաքում մարդու իրավունքների խախտումների մասին, հատկապես՝ Հորդանան գետի Արևմտյան ափին տեղի ունեցող) աշխատելու մեջ։
Ստիպելով հանվել և արցունքաբեր գազ կիրառելուց հետո զինվորականները մեքենայից վերցրել են 2 հակագազ և տեսախցիկն ու հեռացել։










