Սերժ Սարգսյանն ընդունել է Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի արտգործնախարարներին

17:38 • 14.12.12

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարներ Ռադոսլավ Սիկորսկուն, Կարլ Բիլդտին և Նիկոլայ Մլադենովին, այս մասին տեղեկացնում են նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունից:


Նախագահը ողջունել է նրանց այցելությունը Հայաստան և կարևորել Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացման գործում ԵՄ շահագրգիռ անդամ երկրների ներգրավվածությունը և աջակցությունը:


Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության խորացման հեռանկարները: Կողմերի գնահատմամբ, այդ հարաբերությունները զարգանում են ինտենսիվորեն և տեղափոխվել են որակապես նոր հարթություն:


Նշվել է, որ Հայաստանը լավ առաջընթաց է արձանագրել Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում, հաջողությամբ են ընթանում նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման ուղղությամբ բանակցությունները:


Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: