Ընտանիքին հանցագործներից պաշտպանած ռուսաստանաբնակ հայ գործարարն անմեղ է ճանաչվել

17:32 • 14.12.12

ՌԴ Տուլայի մարզի բնակիչ, ազգությամբ հայ գործարար Գեղամ Սարգսյանի գործը փակվել է, հայտնում է Newsru.com-ը։ 

 

Այս տարվա գարնանն իր տան վրա զինված հարձակում գործած 4 հանցագործներից 3-ին խոհանոցային դանակով սպանած գործարարն անմեղ է ճանաչվել։ Նա ստիպված է եղել պաշտպանել իր և իր ընտանիքի անդամների կյանքը, այդ թվում՝ մանկահասակ երեխաների, այդ պատճառով էլ նա մեղավոր չի ճանաչվել։

 

«Քննությամբ հաստատվել է, որ Սարգսյանը պաշտպանվել է հարձակվողներից և գործել անհրաժեշտ պաշտպանությունից դրդված»,- ասվում է Տուլայի դատախազության այսօր հրապարակած հաղորդագրությունում։

 

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին 4 զինված անձինք (այդ թվում նաև ազգությամբ վրացիներ) եկել են Սարգսյանի տուն, ծեծել տան անդամներին և պահանջել փողերն ու զարդերը՝ սպառնալով երեխաներին։ 52-ամյա տղամարդը վերցրել է խոհանոցային դանակը, սպանել երեքին, չորրորդին հաջողվել է փախուստի դիմել, ով հետագայում ձերբակալվել է։ Եվ չնայած այս ամենին՝ իրավապահները շարունակում էին ապահովել նրա ընտանիքի անվտանգությունը։