Սիրիայի հայկական Յաքուբիե գյուղում թեժ մարտեր են ընթանում

14:55 • 14.12.12

Սիրիայի կառավարական զորքերի և ընդդիմադիր զինյալների միջև թեժ մարտեր են ընթանում Իդլիբ նահանգում գտնվող հայկական Յաքուբիե գյուղում։ Տարածված տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռեյիսյանը։

 

Մարտեր են ընթանում նաև քրիստոնեաբնակ Կնեյյե, Ջդեդյե գյուղերում և հարակից շրջաններում։ Հակամարտող կողմերը տեղեկացրել են մեծաթիվ զոհերի և վիրավորների, ինչպես նաև էական նյութական վնասների մասին։

 

Այս գյուղերից երիտասարդները հիմնականում դուրս էին եկել դեռևս մինչև մարտերի սկիզբը, սակայն այնտեղ դեռ մեծաթիվ բնակչություն կա։
 

Այս պահին տեղեկություններ կան, որ կառավարական զորքին օգնելու համար լրացուցիչ ուժեր են հասել, և գյուղը դեռևս կառավարության վերահսկողության տակ է։
 

Տեղեկացնենք, որ Յաքուբիեն հայերով բնակեցված գյուղ է, որտեղ գործում են նաև հայկական Սուրբ Աննա և Սուրբ Հռիփսիմե հայկական եկեղեցիները, ինչպես նաև դպրոց։ Տեղեկությունները, թե Սուրբ Աննային պատկանող շինություններից մեկը գրավվել է ընդդիմության կողմից, դեռևս չի հաստատվում։

 

Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքում այսօր համեմատաբար հանդարտ է։ Էլեկտրամատակարարումը որոշ չափով վերականգնվել է, սակայն քաղաքում դեռևս հացի խնդիր կա, ինչը բարեգործական կազմակերպությունները փորձում են մեղմել՝ փողոցներում սնունդ բաժանելով։