Զորակոչն ընթանում է օրինականության, արդարության և թափանցիկության ապահովման սկզբունքով. ՊՆ

16:29 • 14.12.12

Շարունակվում է 2012 թվականի աշնանային զորակոչը, ՀՀ զինված ուժերի շարքերն արդեն իսկ համալրել են հազարավոր նորակոչիկներ: Այս մասին նշվում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից։


Նշվում է նաև, որ զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համատեղ աշխատանքների շնորհիվ առավել բարձր հիմքերի վրա է դրվել զորակոչային գործընթացի իրականացումը, զորակոչն ընթանում է օրինականության, արդարության և թափանցիկության ապահովման սկզբունքով:


«ՀՀ զինված ուժերում ծառայելը, հայրենի եզերքի և հարազատ ժողովրդի անվտանգությունն ապահովելը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական պարտքն է: Անձնվիրաբար ծառայել հայրենիքին` նշանակում է լինել երկրի ու ժողովրդի արժանավոր զավակ: 2012 թվականի աշնանային զորակոչը պատշաճ մակարդակով, թափանցիկ և արդար անցկացնելու համար ՀՀ պաշտպանության նախարարությունը զինակոչիկներին և նրանց ծնողներին զգուշացնում է` զերծ մնալ զինծառայությունից խուսափելու կամ տաքուկ անկյուններում ծառայելու գայթակղիչ, բայց զարտուղի և հանցավոր գործարքներից, քանզի դրանք դատապարտված են ձախողման: ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈւ ԳՇ ղեկավարության կողմից: Խաղաղ ծառայություն հայրենիքի պաշտպաններին»,- մասնավորապես ասվում է հաղորդագրությունում: