Ռուսաստանը 2013թ. 11 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ կփորձարկի

21:50 • 15.12.12

Ռուսաստանի ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը (ՌՆՀԶ) 2013թ. նախատեսում են 11 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ փորձարկել, այս մասին հայտարարել է ՌԴ ՌՆՀԶ-ի հրամանատար գեներալ-գնդապետ Սերգեյ Կարակաևը, հաղորդում է РИА Новости գործակալությունը:

 

Կարակաևի խոսքով, փորձարկումների ընթացքում կստուգվեն ինչպես մարտական հերթապահություն իրականացնող հրթիռային համակարգերը, այնպես էլ հեռանկարային նախագծերը: 2012թ. ուսումնական տարվա ընթացքում ՌՆՀԶ-ն իրականացրել է 5 հրթիռային մեկնարկներ: Դրանցից երեքի ժամանակ ՌՆՀԶ-ն փորձարկել և ստուգել է ռուսական զենքի ստեղծվող նոր համալիրների արդյունավետությունը պոտենցիալ հակառակորդի հակահրթիռային պաշտպանությունը հաղթահարելու հարցում:


Կարակաևը նաև նշել է, որ ՌՆՀԶ-ն նախատեսում է մինչև 2022թ. սպառազինության տակ պահպանել ռուսական ամենածանր ռազմավարական հրթիռը` РС-20 Воевода-ն (ՆԱՏՕ-ի դասակարգմամբ` Сатана): «Ներկայում այդ հրթիռով համալիրը մեկուկես անգամ գերազանցել է շահագործման երաշխավորված ժամկետը, մարտական հերթապահության տակ մնալով 24 տարի», - նշել է Կարակևը:


Մեկ այլ ռուսական հրթիռային համալիրի` РС-18 –ի մարտական հերթապահության ժամկետը, նախորդ փորձարկումների արդյունքում ընդունված որոշմամբ, երկարաձգվել էր մինչև 33 տարի, սակայն այժմ նախատեսվում է այն հասցնել մինչև 35 տարի ժամկետի, ինչի շնորհիվ դրանք մինչև 2019թ. կմնան սպառազինության տակ:


Գեներալ գնդապետի խոսքով, РС-12М հրթիռով Тополь հրթիռային համալիրի մոդեռնիզացման հաշվին դրանք մարտական հերթապահություն կիրականացնեն մինչև 2019թ.: Ապա կփոխարինվեն նորագույն Ярс համալիրներով:


Ընդհանուր առմամբ, մինչ 2021թ. ՌԴ ՌՆՀԶ-ն նախատեսում է նորացնել հրթիռային համալիրների 98%-ը:
«Նախատեսվում է, որ 2016թ. նոր հրթիռային համալիրներից բաղկացած կլինի Ռուսաստանի հարվածային խմբավորման մոտ 60%-ը», - նշել է ՌԴ ՌՆՀԶ-ի հրամանատար գեներալ-գնդապետ Սերգեյ Կարակաևը: