Էդմոն Մարուքյանն այս պահին չի կարող ասել՝ Օսկանյան-Զուրաբյանի զրույցի ձայնագրությունն օրինակա՞ն է, թե ոչ

16:09 • 16.12.12

Մասնագիտությամբ իրավաբան, Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այս պահին չի կարող ասել՝ քրեորեն հետապնդելի՞ է, թե ոչ Վարդան Օսկանյան-Լևոն Զուրաբյան սկանդալային զրույցի գաղտնաձայնագրումն ու այն Youtube-ում դրա տեղադրումը:


«Չեմ կարող միանշանակ ասել, որ անօրինական է կամ հակառակը՝ օրինական: Ես չգիտեմ՝ ով է ձայնագրել ու տեղադրել և, հետևաբար, չգիտեմ դա գաղտնի՞ ձայնագրությունն է»,- Tert.am –ի հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը։


Հիշեցնենք, որ Youtube-ում հայտնվել է Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի գաղտնի խոսակցության ձայնագրությունը, որտեղ Լևոն Զուրաբյանն անդրադառնում է իր խոսքով՝ իրենց մոտ առկա ոչ ստանդարտ իրավիճակին ու ասում «Կոնգրեսը կարողանում էր պահել ... կարողանում էր ինչ–որ ձև ասել, որ դե մարտավարություն ա, կարող ենք ԲՀԿ-ի հետ գնալ սենց բաների։ Չնայած իրենք էլ են «Մարտի մեկ, չգիտեմ ինչ, բայց դե հարցեր կան ու ավելի լավ ա՝ ռեժիմից պոկենք, սա հաջողվել է, բայց եթե ինքը չի առաջադրվում, դառնում ա լրջագույն պրոբլեմ»։


Էդմոն Մարուքյանի հստակեցմամբ, եթե պարզվի, որ ձայնագրությունն արել է մի երրորդ անձ, ապա գաղտնալսում և դիտում կարող է իրականացվել օրենքով սահմանված կարգով և դատարանի որոշմամբ, և հետևաբար, եթե այս պահանջներն առկա չեն, ձայնագրությունը կարող է համարվել անօրինական:


Մյուս կողմից ,քանի որ օրենքն ասում է, որ հրապարակման ենթակա չեն մարդու անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ, շատ բան պայմանավորված է ձայնագրության բովանդակությունից: Անձամբ Էդմոն Մարուքյան օրինակ՝ խիստ կասկածում է, թե նշված ձայնագրության միջոցով հաղորդվող տեղեկությունները վերաբերում են մարդու անձնական կյանքին:


«Եթե քաղաքական գործիչը գնա իր սիրուհու մոտ և դա ձայնագրվի ու տեղադրվի համացանցում, միգուցեև՝ կարողանա ասել, որ դա իմ անձնական կյանքն է, ինչու եք մտնում այդ ոլորտ: Բայց եթե քաղաքական գործիչը քաղաքական գործչի հետ հանդիպում է, էդտեղ չեմ կարծում, որ անձնական կյանքի մասին խոսք կարող է լինել»,- ասաց իրավաբանը և նշեց, որ անկախ նրանից, թե որքա՞ն կարևոր ու հույժ գաղտնի են այդ տեղեկությունները, այնուամենայնիվ, դրանք չեն վերաբերում անձնական կյանքին:


Պատգամավորը նաև նշեց, որ թե՛ իր՝ Էդմոն Մարուքյանի, թե՛ Վարդան Օսկանյանի և թե՛ Լևոն Զուրաբյանի անձնական կյանքը ավելի քիչ է պաշտպանված, քան շարքային քաղաքացիների անձնական կյանքը, որովհետև առաջինները ընտրված բարձրաստիճան պաշտոնատար անձինք են և «այս առումով պիտի իմանանք, որ մեր թե՛ հրապարակային և թե ՛ անձնական կյանքը հասարակության կողմից խոշորացույցի տակ է, և այս առումով մենք ավելի քիչ պաշտպանվածություն ունենք, քան մյուսները»:


Միակ բանը, որ այս պահին հստակ է Էդմոն Մարուքյանի համար, այն է, որ « ԶԼՄ-ներին այս պարագայում չեն կարող մեղադրել ձայնագրությունն իրենց կայքերում տեղադրելու համար:


«Որովհետև եթե այն արդեն Youtube-ում է, հրապարկված տեղեկատվություն է, լրատվամիջոցը հղում է կատարում Youtube-ի «լինքին»»,-մանրամասնեց Էդմոն Մարուքյանը: