Օբաման պետքարտուղարի պաշտոնի համար կառաջադրի Ջոն Քերրիի թեկնածությունը. ABC
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արդեն որոշում է կայացրել սենատոր Ջոն Քերրիին պետքարտուղարի պաշտոնում առաջադրելու մասին. այդ մասին հաղորդել է ամերիկյան ABC հեռուստաընկերությունը։
Նախագահը, սակայն, այդ մասին դեռևս պաշտոնապես չհայտարարելու համար պատճառներ ունի. նախ, նա հարգում է Կոնեկտիկուտ նահանգում հրաձգության հետևանքով զոհվածների և տուժածների հարազատներին, ինչի պատճառով երկրում քառօրյա սուգ է հայտարարված։
Բացի այդ, նշվում է, որ «գործընթացը դեռևս չի ավարտվել»։ Նաև պետք է հաստատվեն նոր կառավարության այլ պաշտոնների համար թեկնածությունները։
Հիշեցնենք, որ սկզբում ենթադրվում էր, որ Քերրին կզբաղեցնի պետքարտուղարի պաշտոնը։ Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Քերին դառնալու է պաշտպանական գերատեսչության ղեկավար, իսկ արտաքին քաղաքական գերատեսչությունը գլխավորելու է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Սյուզան Ռայսը։ Վերջինս, սակայն, մի քանի օր առաջ հրաժարվեց պայքարից։
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ղեկավարած Ջոն Քերրին այժմ դարձյալ պետքարտուղարի պաշտոնի ամենահավանական թեկնածուն է համարվում։
Ենթադրվում է, որ Պենտագոնը կղեկավարի Նեբրասկայից նախկին սենատոր, 66-ամյա Չակ Հեյգելը, ով ներկայացնում է հանրապետական կուսակցությունը և, ինչպես Քերրին, Վիետնամի պատերազմի վետերան է։
Ակնկալվում է, որ Օբաման իր պետքարտուղարի և պաշտպանության նախարարի պաշտոններում իր թեկնածուների ընտրության մասին կհայտարարի հաջորդ շաբաթ։










