«Հատուկ գնդի» ազատամարտիկի բնակարան ստանալու հերթը կորել է

14:01 • 17.12.12

Վանաձորի Թևոսյան 2/20 տնակում է ապրում «Հատուկ գնդի» ազատամարտիկ Արագած Ոսկանյանը , ով Արցախյան ազատամարտը սկսվելուն պես, թողնելով կնոջն ու երկու երեխաներին, կամավոր գնացել է ռազմաճակատ: Մինչև վերջ մասնակցել է պատերազմին, ներկա է եղել Շահումյանի, Մարտակերտի, Լաչինի, Ղարաչինարի կռիվներին:


Մինչ 1988թ.-ի երկրաշարժը Արագածի ընտանիքն ապրել է վարձակալած բնակարանում, իսկ երկրաշարժից հետ մինչ այսօր ապրում է երկաթյա տնակում՝ ընդամենը 35-40 քառ. մետր տարածքում: Եթե տնակի կենցաղային պայմաններն այն ժամանակ քիչ թե շատ բարվոք էին, հիմա արդեն դա էլ չկա. այնտեղ կարծես ժամանակը կանգ է առել: «Լավ կլինի, որ մեզ ապահովեն բնակարանով, որովհետև էս տանն արդեն հնարավոր չէ ապրել, խոնավ է, պատերը լրիվ հոտել են, իմաստ էլ չկա նորոգելու»,- ասաց նա:


Տուն ստանալու համար 1998-ին ընտանիքը Վանաձորի քաղաքապետարանում հերթագրվել է, բայց, ինչպես ազատամարտիկն է ասում, իր հերթը կորել է:


Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ զրույցում պարզ դարձավ, որ իրենք ունեն միայն երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրածների հերթացուցակ, որոշ մարդկանց էլ հերթագրել է «Հաբիթաթ» հասարակական կազմակերպությունը, որն ինքն է ընտրել շահառուներին: «Ազատամարտիկների համար էլ պարբերաբար բնակարանների բարելավվում է եղել, և նրանց ցուցակը մեզ տրամադրել է Պաշտպանության նախարարությունը: Փաստորեն ինքն այդ ցուցակում էլ չկա, որովհետև նրանց բոլորին բնակարան ենք տվել»,-Tert.am-ին ասաց Վանաձորի քաղաքապետը:


Ազատամարտիկներին բնակարաններ տրամադրելու մասին ՊՆ-ի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հերթեր կան, որոշ տեղերում էլ կուտակումներ են առաջացել, քանի որ ծրագրերը չեն իրականացվում այնպիսի արագությամբ, ինչպիսին իրենք են ուզում: Իսկ ՊՆ-ն այս դեպքում միջնորդ կազմակերպություն է, քանի որ ազատամարտիկների հերթագրումներն իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները, ծրագրերն էլ իրականացնում է ՀՀ կառավարությունը:


51-ամյա Արագածի երկու աղջիկներն արդեն ամուսնացել են, և հիմա տնակում ապրում են ինքն ու կինը: Այս ընտանիքի միակ աշխատող ուժը Արագածն է, արհեստավոր է, և, ինչպես նա է ասում, վախտը գիտի. երբ գործ է լինում, նա էլ փող է աշխատում: «Մինչև առաջին երեխայի 16 տարեկան դառնալը նպաստ ենք ստացել, բայց հիմա դա էլ չկա ու ոչ մի օգնություն չենք ստանում»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

 

«Աղջկաս ամուսինը գնացել էր արտագնա աշխատանքի, և աղջիկս ու թոռներս էստեղ էին ապրում: Անցյալ ամիս ամուսինը կանչեց, էրեխեքի վերցրեց ու գնաց: Մյուս աղջիկս էլ է ամուսնացել ու գնացել ուրիշ երկիր»,-պատմեց նա:


Արագածի՝ պատերազմից մնացած միակ հուշն ու ձեռքբերումը երկու շքանշաններն են, որոնք ստացել է մարտական ուղու համար: