Բրիտանիայի միլիոնատերերի մեկ հինգերորդը մտածում է արտագաղթի մասին. հարցում
Մեծ Բրիտանիայի միլիոնատերերի մեկ հինգերորդը մտածում է երկրից հեռանալու մասին, ինչի մասին վկայում են Lloyds TSB բանկի պատվերով անցկացված հետազոտության տվյալները, հայտնում է Взгляд-ը։
Ընդ որում, գլխավոր դժգոհությունները, որոնք բրիտանացի միլիոնատերերը ներկայացնում են իրենց սեփական երկրին, ոչ թե բարձր հարկերն են, այլ վատ եղանակը, հանցագործության մակարդակը և բարձր գները։
Հարցմանը մասնակցել է 1 400 բրիտանացի։ Նրանց 22%-ը հայտնել է, որ մտածում է մոտակա 2 տարում արտերկրում ապրելու մասին։ Ուշադրության է արժանի այն փաստը, որ արտագաղթել ցանկացող միլիոնատերերի թիվը մեկ տարի առաջ կազմում էր 19%, իսկ մեկուկես տարի առաջ՝ 17%։
Մեծ Բրիտանիայում ապրելու թերություններից առաջին տեղում է եղանակը, որից բողոքել են հարցվողների գրեթե երկու երրորդը։ 2-րդ տեղում հանցագործության և ավազակության մակարդակն է. այդ տարբերակը նշել է հարցվողների գրեթե կեսը։ Կյանքի չափազանց բարձր արժեքից բողոքել է միլիոնատերերի 45%-ը։










