Հայկական պատվիրակությունը մասնակցել է ՍԾՏՀ անդամ-երկրների ԱԳ նախարարների 27-րդ հանդիպմանը

13:22 • 17.12.12

Դեկտեմբերի 15-ին Ստամբուլում, հռչակավոր հայ ճարտարապետներ Սարգիս և Գրիգոր Պալյանների կողմից կառուցված Ադիլե Սուլթան պատմական պալատում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ-երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի 27-րդ հանդիպումը, որին նախորդել է կազմակերպության Ավագ պաշտոնյաների կոմիտեի երկօրյա նիստը:


Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից, Հայաստանի պատվիրակությունը ղեկավարել է և ելույթով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:


ՀՀ փոխարտգործնախարարն իր ելույթում նշել է, որ ՍԾՏՀ կազմակերպությունը թևակոխել է իր 21-րդ տարին տնտեսական համագործակցության նոր օրակարգով և հանրային հաղորդակցման նոր ռազմավարությամբ` տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը խթանելու, կազմակերպության արդյունավետությունն ամրապնդելու և 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու նպատակով:


Հանդիպման ավարտին ՍԾՏՀ-ում նախագահությունը Թուրքիայից փոխանցվել է Ուկրաինային, որը կնախագահի 2013թ. առաջին կեսին:


Այցի շրջանակներում փոխարտգործնախարար Հովակիմյանը հանդիպում է ունեցել ՍԾՏՀ դիտորդ երկիր` Խորվաթիայի փոխարտգործնախարար Յոշկո Կլիսովիչի հետ, որի ընթացքում քննարկվեցին միջազգաին կառույցներում երկու երկրների համագործակցության խնդիրները: