Հնդկաստանում կանցկացվի ռադիոհաղորդավարների չար կատակի հետևանքով ինքնասպան եղած բուժքրոջ հուղարկավորությունը
Ավստրալացի ռադիոհաղորդավարների չար կատակի պատճառով ինքնասպան եղած բուժքրոջ՝ Ջասինթա Սալդանհայի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա երկուշաբթի՝ Հնդկաստանում, հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով Sky News-ին։
Նրա ամուսինն ու 2 երեխաներն արդեն ժամանել են երկրի արևմուտք՝ Շիրվա քաղաք, որտեղ էլ կանցկացվի հուղարկավորությունը։ Ինքնասպան եղած բուժքրոջ դիակը շաբաթ Մեծ Բրիտանիայից տեղափոխվել է Մումբայ քաղաք։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Սալդանհան վերջ է տվել կյանքին դեկտեմբերի 7-ին, Էդուարդ 7-րդի անվան հիվանդանոցում, որտեղ էլ հոսպիտալացված է եղել Քեմբրիջի դքսուհին։ Նման հուսահատ քայլի պատճառն այն էր, որ ավստրալական 2Day FM ռադիոկայանի 2 աշխատակիցներ, ցանկանալով իմանալ հոսպիտալացված Քեյթ Միդլթոնի առողջական վիճակի մասին որոշ տեղեկություններ, դիմել են խորամանկության՝ զանգարելով և ներկայանալով որպես Էլիզաբեթ 2-րդ թագուհի և նրա ամուսին։ Արդյունքում միամիտ բուժքույրը պատմել է, որ Քեյթը հղի է։










