Ուկրաինայում խցանման ժամանակ երեք երեխա է լույս աշխարհ եկել
Կիև-Չոպ ճանապարհին եղանակային վատ պայմանների արդյունքում առաջացած մի քանի կիլոմետրանոց խցանման ժամանակ ծնվել է 3 երեխա, տեղեկացնում է Корреспондент.net կայքը:
Բրոդ քաղաքի մոտակայքում ուղևորուհիներից մեկը ծննդաբերել է՝ խցանման ժամանակ: Ծնունդը ընդունել է երեխայի հայրը, ում հեռախոսով օգնել են բժիշկները, քանի որ նրանց չի հաջողվել ժամանակին հասնել:
Ի լրումն՝ ավելի ուշ Օլեսկի քաղաքային հիվանդանոցի մամլո քարտուղար Տատյանա Մարկեվիչը հայտնել է մեկ այլ դեպքի մասին. նույն խցանման ժամանակ նաև երկվորյակներ են լույս աշխարհ եկել: Նա հայտնում է, որ 29-ամյա կնոջը, որի համար սա արդեն երրորդ ծննդաբերությունն էր, հաջողվել է ճիշտ ժամանակին հասցնել մոտակա հիվանդանոց: Երկվորյակները ծնվել են նախատեսված ժամանակից շուտ:
Ներկայումս բոլոր 3 երեխաները և նրանց մայրերը գտնվում են բժիշկների հսկողության տակ: Նրանց առողջությանը ոչինչ չի սպառնում:










