Հայամետ սենատորն ԱՄՆ Սենատի միջազգային հանձնաժողովի նախագահի ամենահավանական թեկնածուն է համարվում

14:06 • 17.12.12

ԱՄՆ Կոնգրեսի միջազգային հանձնաժողովը ներկայիս նախագահ Ջոն Քերրիի՝ պետքարտուղարի պաշտոնում ընտրվելուց հետո հավանաբար կգլխավորի Նյու Ջերսիից ընտրված դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը, տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը։


«Եթե այդ պաշտոնն ազատվի, հանձնաժողովի նախագահի ամենահավանական թեկնածուն կդառնա Մենենդեսը»,-ռուսական գործակալությանն ասել է հանձնաժողովի աղբյուրը։


Մենենդեսը, ով ծնվել է Կուբայում և ծնողների հետ արտագաղթել է ԱՄՆ, համարվում է «Կուբայի հարցի» մասնագետ։
 

Քաղաքական գործչի նշանակմանը, սակայն, կարող է խոչընդոտել վերջերս նրա անվան հետ կապված սկանդալը. դեկտեմբերի 12-ին ԱՄՆ միգրացիոն ծառայությունը տեղեկացրել էր այն մասին, որ սենատորի աշխատակազմում աշխատում է մեկը, ով ԱՄՆ-ում անօրինական է գտնվում, քանի որ նրա մուտքի արտոնագրի ժամկետն ավարտվել է։

 

Իրավապահ մարմինները նաև հայտարարել էին, որ այդ աշխատակիցը հաշվառված է բազայում՝ որպես սեռական բնույթի հանցագործության մասնակից։
 

Սենատորն ինքը հայտարարել է, թե չի իմացել, որ իր աշխատակազմում նման մարդ է աշխատում։

 

59-ամյա Մենենդեսը հայտնի է իր հայամետ դիրքորոշմամբ։ Նա աչքի է ընկել հայանպաստ օրինագծերին աջակցությամբ, Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ է կատարել։

 

Ռոբերտ Մենենդեսը սենատոր Բարբարա Բոքսերի հետ միասին վետո էր դրել Բաքվում Ադրբեջանի դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի նշանակման վրա՝ կանխելով նման որոշման կայացումը։