Եվրոպացիները կարող են կորցնել մրցունակությունը. Անգելա Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ եվրոպացիները համաշխարհային շուկայում կարող են կորցնել մրցունակությունը, հայտնում է Взгляд-ը։
Որպես օրինակ նա նշել է նախկին սոցիալիստական երկրները, որոնք անհաջողության են մատնվել՝ չկարողանալով դիմանալ մրցակցությանը։ Այդ մասին Գերմանիայի կառավարության ղեկավարն ասել է բրիտանական Financial Times պարբերականին տված հարցազրույցում։
Մերկելի խոսքով՝ մրցունակությունը պահպանելու համար ԵՄ երկրների ղեկավարները պետք է ավելի շատ աշխատեն և կրճատեն սոցիալական ծախսերը։
«Արդեն նոր մոդելներ են ստեղծվել՝ Չինաստանում, Հնդկաստանում, Ճապոնիայում, Բրազիլիայում, ինչպես նաև այլ երկրներում, որոնք հաջողության են հասնում ինովացիաների ոլորտում»,-ասել է Գերմանիայի կանցլերը։
Այն երկրները, որոնք թվարկել է Մերկելը, ի տարբերություն Եվրոպայի, ունեն սոցիալական ծախսերի ավելի ցածր աստիճան, ցածր հարկեր և այդ պատճառով համաշխարհային շուկայում ավելի մրցունակ են։










