Բրյուսելում ստորագրվել է Հայաստանի և ԵՄ միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը

20:14 • 17.12.12

Դեկտեմբերի 17-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի 13-րդ նիստը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից, նիստին մասնակցելու նպատակով Բրյուսել էր ժամանել Հայաստանի պատվիրակությունը` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:


Եվրոպական Միության պատվիրակությունը գլխավորել են ԵՄ Խորհրդի նախագահությունը ներկայացնող Կիպրոսի արտաքին գործերի նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը և Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:


Նիստին քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգը, ամփոփվել են այս տարվա ընթացքում կատարված աշխատանքները, անդրադարձ է կատարվել հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, ինչպես նաև տարածաշրջանային հարցերին:


Նախարար Նալբանդյանը նիստի ընթացքում իր ելույթում նշել է, որ ԵՄ հետ հարաբերությունները կարևոր տեղ են զբաղեցրել Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում և վերահաստատել մտադրվածությունը էլ ավելի խորը համագործակցություն հաստատել Միության հետ։ Նա հավելել է, որ Հայաստանը ակտիվորեն ներգրավված է Արևելյան գործընկերության թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում:


ՀՀ ԱԳ նախարարը նաև իր շնորհակալությունն է հայտնել ԵՄ կողմից Հայաստանում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործընթացին շարունակական աջակցության համար՝ նշելով, որ սկսած 2009թ.-ից Հայաստանը մարդու իրավունքների ոլորտում երկխոսություն է հաստատել ԵՄ հետ, որը արդյունավետ շրջանակ է հանդիսանում կառուցողական և օգտակար քննարկումների համար:


Կիպրոսի արտաքին գործերի նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը և հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն բարձր են գնահատել ԵՄ-Հայաստան հարաբերություններում արձանագրված առաջընթացը և իրենց աջակցությունը հայտնել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին և այդ ուղղությամբ իրականացվող քայլերին:


Նիստի ընթացքում արձանագրվել է, որ 2012թ. նշանավորվել է բարձրաստիճան փոխայցելությունների մեծ ինտենսիվությամբ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Բրյուսել մարտին և հունիսին, ԵՄ Խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը, ԵՄ Հանձնաժողովի նախագահ Խոսե Մաունել Բարոզուն և հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այցելել են Հայաստան համապատասխանաբար հուլիսին, սեպտեմբերին և դեկտեմբերին:


ՀՀ ԱԳՆ ղեկավարը կարևորել է Ասոցացման համաձայնագրի, ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին բանակցությունների հաջող ընթացքը, և ընդգծեց հայկական կողմի մտադրությունը ավարտել դրանք մինչև 2013թ. նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովը:


Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ Խորհրդում նախագահող Կիպրոսի ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը և ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը ստորագրել են Հայաստանի և ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագիրը:


Համաձայնագրի շնորհիվ Հայաստանի քաղաքացիները ավելի պարզեցված ընթացակարգով կստանան շենգենյան վիզաներ, ինչը կարևոր քայլ է մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման ուղղությամբ:


Էդվարդ Նալբանդյանը ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել, համաձայն որի ԵՄ քաղաքացիները 2013թ. հունվարի 10-ից կկարողանան Հայաստան այցելել առանց մուտքի արտոնագրերի և հույս է հայտնել, որ նույնը կարվի ՀՀ քաղաքացիների համար Եվրոպական Միության կողմից։


Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ Խորհրդում նախագահող Կիպրոսի ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը և Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ստորագրեցին նաև Շրջանակային համաձայնագրի արձանագրություն, որը հնարավորություն կտա Հայաստանին մասնակցություն ունենալ ԵՄ ծրագրերում:


Եվրոպական կողմի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացի վերջին զարգացումները:


Նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ցուցաբերած աջակցության համար՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, որը հաստատվել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում:


Խորհրդի նիստին հաջորդել է Էդվարդ Նալբանդյանի, Էրատո Կոզակու-Մարկուլիսի և Շտեֆան Ֆյուլեի համատեղ ասուլիսը։