Զուրաբյան-Օսկանյան զրույցի գաղտնալսման հետ ԱԱԾ-ն որևէ կապ չունի. Արծվին Բաղրամյան
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի մասնավոր զրույցի գաղտնալսման հետ Ազգային անվտանգության ծառայությունը որևէ կապ չունի, Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանը:
«Բոլոր մեղադրանքները մտացածին են ու անհիմն»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Լևոն Զուրաբյանը դեկտեմբերի 16-ին հանդես էր եկել հայտարարությամբ, որում իր և Վարդան Օսկանյանի մասնավոր զրույցի գաղտնի ձայնագրման և տարածման համար մեղադրում էր ԱԱԾ–ին և այն որակել էր «ռեժիմի կողմից քաղաքական հակառակորդներին լրտեսելու այս ճղճիմ արարք»։
Պարզելու համար թե արդյոք գաղտնալսման հետ կապված քրեական գործ հարուցվելու է, փորձեցինք կապ հաստատել ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի հետ, ում աշխատանքային հեռախոսը սակայն չէր պատասխանում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի մասնավոր խոսակցության ձայնագրությունը հայտնվել էր համացանցում։ Ձայնագրությունում նրանք քննարկում են գալիք նախագահական ընտրություններին միասնական թեկնածուով մասնակցելու և այլ խնդիրների վերաբերյալ համատեղ մարտավարական քայլեր:










