Վարչապետը ԱԱԾ աշխատակիցներին շնորհավորել է մասնագիտական տոնի կապակցությամբ

18:50 • 17.12.12

Վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր մասնակցել է Ազգային անվտանգության ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին և շնորհավորել նրանց մասնագիտական օրվա կապակցությամբ, այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։


Տիգրան Սարգսյանն ասել է, որ արագ փոփոխվող աշխարհը մեր առջև նոր խնդիրներ և մարտահրավերներ է դնում։


«Դա նշանակում է, որ մասնագիտական կարողությունների բարձրացումը պետք է լինի մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում: Այս խնդիրը գտնվում է նաև հանրապետության նախագահի մշտական ուշադրության կենտրոնում: Ընդհանրապես, մեր առջև ծառացած բոլոր խնդիրները, այդ թվում՝ սոցիալական, պետք է կարողանանք փուլ առ փուլ իրականացնել»,– ասել է վարչապետը:


«Հանրապետության նախագահը մեր առջև խնդիր է դրել մարտահրավերներով լի արագ փոփոխվող աշխարհում ապահովել մեր պետության և քաղաքացիների անվտանգությունն ու ապահով կյանքը: Կարծում եմ՝ այս կարևոր սկզբունքի ներքո մեծ են նաև ԱԱԾ աշխատակիցների անելիքները»,- ավելացրել է Սարգսյանը՝ ԱԱԾ աշխատակիցներին մաղթելով մասնագիտական և անձնական նորանոր հաջողություններ:


Այնուհետև ՀՀ նախագահի հրամանագրով վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, գնդապետ Հրանտ Եպիսկոպոսյանին հանձնել է գեներալ-մայորի կոչում:


ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով՝ ԱԱԾ մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ և ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած նվիրումի համար ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են մարտական ծառայության մեդալով:


ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, գնդապետ Արկադի Բալյանը և ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության ավագ օպերլիազոր, մայոր Կարեն Սահակյանը պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով:


ՀՀ ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ խրախուսվել են նաև ՀՀ վարչապետի շնորհակալագրերով: