Մարդկանց գաղտնալսելը ահավոր բան է. Ռուբեն Թովմասյան
Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը թեև չի լսել «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Վարդան Օսկանյանի խոսակցության ձայնագրությունը, սակայն դատապարտում է գաղտնալսումը առհասարակ:
«Մարդկանց գաղտնալսելը ահավոր բան է: Ի՞նչ է նշանակում է գաղտնալսել: Սա նշանակում է, որ դու վստահ չես քո կառավարման երկրում: Ասում են՝ այս համակարգի ամենամեծ առավելությունը բացախոսությունն է, բա գնացեք իրար հետ նստեք խոսացեք»,-ասաց նա:
Tert.am-ի հարցին, թե իր տպավորությամբ ո՞վ է հրապարակել գաղտնալսումը և ում էր դա պետք, Ռուբեն Թովմասյանն ասաց, որ ինքը չի կարող դրա մասին իմանալ, բայց նաև ավելացրեց. «Քիչ մարդիկ չկան, որոնք որ «հինգերորդ շարասյան» անդամներ են և արջի ծառայություն են մատուցում՝ մտածելով, որ եթե այսօր գաղտնալսումը տարա մեկին տվեցի, ուրեմն հավերժ նվիրված եմ այս երկրին ու իշխանությանը: Բայց նրանք պատրաստ են նաև ուրիշներին այդպիսի ծառայություն մատուցել»,-ասաց նա:
Անդրադառնալով ՀԱԿ-ի ներսում կատարվող տարաձայնություններին, Ռուբեն Թովմասյանը նշեց, որ ինքը դեռևս մեկ տարի առաջ Կոնգրեսի մասին իր կարծիքը հայտնել է:
«Դա հայ ազգային կատակերգություն է: Ես չեմ հասկանում, թե սրանք ի՞նչ են ուզում, մինչև հիմա չեմ հասկանում: Նրանք լուռ են, և այդ լռությունը հաճախ փնտրտուքի նշան է լինում, և ոչ միշտ է լռությունը ոսկի»,- ասաց ՀԿԿ առաջին քարտուղարը:










