Դամասկոսը պաղեստինցիներին կոչ է անում չաջակցել սիրիական ահաբեկիչներին
Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ պաղեստինցիները չպետք է աջակցեն կամ ահաբեկիչներին թաքցնեն փախստականների համար նախատեսված «Յարմուկ» ճամբարում, հաղորդում է РИА Новости գործակալությունը` հղում կատարելով Reuters-ին:
Կիրակի սիրիական օդուժը «Յարմուկ» ճամբարի ուղղությամբ նվազագույնը երկու հրթիռ է արձակել, որոնցից մեկը պայթեցրել է մզկիթը, որում պաղեստինցիներ էին ապաստանել: Հրթիռակոծման զոհ էր դարձել նվազագույնը 25 մարդ:
Ինչպես նշում է Reuters գործակալությունը, Պաղեստինից փախստականները ներգրավված են հակամարտությունում և մասնակցում են մարտական գործողություններին ինչպես ապստամբների, այդպես էլ կառավարական ուժերի կողմից:
Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմի հայտարարությունը հնչել է ի պատասխան ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի` ճամբարի ռմբահարման կապակցությամբ տրված արձագանքին: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը սիրիական ավիացիայի ռմբահարումը «ռազմական հանցագործություն» էր անվանել:
Մուալեմը հայտարարել էր, որ պաղեստինցիները պետք է ամեն հնարավոր ջանք ներդնեն «ահաբեկիչներին» արտաքսելու համար և չպետք է «թաքցնեն կամ աջակցություն ցուցաբերեն ահաբեկչական խմբավորումներին»:










