Ալեն Դելոնը հիշեց Աշոտ Մալաքյանին, համբուրեց իր մոր նվիրած խաչը, հայ լրագրողուհուն էլ հրավիրեց ֆիլմում նկարահանվելու (տեսանյութ)

17:37 • 18.12.12

Մեկօրյա այցով Երևանում է աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը: Նրա այցի պատճառը «Շնորհավոր Ամանոր, մայրեր» կինոալմանախի պրեմիերան է, որի 5 մասերից մեկի ռեժիսորը (որում հենց նկարահանվել է Դելոնը) Սարիկ Անդրեասյանն է՝ վերջին շրջանի ամենաեկամտաբեր ռուսաստանյան ֆիլմերի ռեժիսորը:

 

Ի դեպ, մեր կինոիրականության մեջ բացառիկ կարգով ֆիլմի պրեմիերան կկայանա նախ Երևանում, ապա միայն Մոսկվայում: Նախագծի պրոդյուսեր Վալերի Սահարյանն ասաց, որ դա պայմանավորված է նրանով, թե ինչ վերջավորություն ունի իր ազգանունը:


Ֆիլմում հանդես եկած դերասանական կազմից լրագրողների հետ հանդիպման էին եկել նաև ՌԴ Ժողովրդական արտիստուհի Իրինա Ռոզանովան (հայ հանդիսատեսին հայտնի է «Ինտերաղջիկը» սկանդալային ֆիլմից), ռուսաստանցի դերասան Կոնստանտին Կրյուկովը, ինչպես նաև՝ պրոդյուսեր Ղևոնդ Անդրեասյանը:

 

Ռոզանովան ասաց, որ ամենուր պնդում է, թե Սևանի իշխանից ավելի համեղ բան չի կերել կյանքում: Նա մի շարք զավեշտալի դրվագներ պատմեց ֆիլմի նկարահանման «կուլիսներից», խոստովանեց, որ ծնկները մինչև հիմա դողում են լեգենդար Ալեն Դելոնի հետ աշխատելու մտքից: Ֆիլմում Դելոնի հերոսը Ռոզանովայի հերոսուհուն՝ Փարիզում հայտնված ֆրանսերենի ռուս ուսուցչուհուն, անակնկալ հրավիրում է պարի:

 

Ալեն Դելոնը պատմեց, որ ինքն իրական կյանքում էլ է նման բաներ անում՝ հենց Փարիզի ռեստորաններում: Նա առանձնակի ջերմությամբ ու երկար խոսեց իր մոր մասին: Դերասանը պատմեց, որ մայրը հոգու խորքում դրամատիկ դերասանուհի է եղել, սակայն սիրահարվել է «կոմերսանտ» հորը և այդպես էլ դերասանուհի չի դարձել: Դելոնը խոստովանեց, որ իր կյանքում ամեն ինչ սովորել է մորից.

 

«Եթե շնորհք ունեմ, ապա դա մորիցս է, եթե լավ արտաքին ունեմ, ապա էլի մորիցս է»: Այս խոսքերից հետո Դելոնը հանեց այն, ինչ իրեն նվիրել է մայրը և խնդրել երբեք չբաժանվել՝ մեծ սև խաչ, և բոլորի աչքի առաջ ջերմեռանդորեն համբուրեց այն:

 

Իրեն՝ Դելոնին, համբուրելու ցանկություն հայտնեցին մի շարք լրագրողուհիներ. Նա չմերժեց: Սակայն ամենից ջերմ համբուրեց մի լրագրողուհու, որին առաջարկեց նկարահանվել կինոյում: Կինոյի կենդանի լեգենդն ասաց, որ չգիտեր՝ իր ընկեր Ազնավուրն իրեն չէր ասել, որ Հայաստանում իրեն այսքան ջերմ են վերաբերվում: Դելոնը այս հարցը տվել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, թե ինչու իրեն չէին ասել, որ այդքան շատ են սիրում Հայաստանում: Սերժ Սարգսյանը տվել է կատակ-պատասխանը. թերևս Ազնավուրը չի ցանկացել, որ դուք մեծամտանաք:

 

Երբ լրագրողները խնդրեցին հիշել Անրի Վերնոյի հետ իր աշխատանքային փորձի մասին, Դելոնը նշեց նրա իսկական անուն ազգանունը՝ Աշոտ Մալաքյան: Ապա հայտնեց, որ այդ դերը մեծ ազդեցություն է ունեցել իր կարիերայի վրա:

 

Այսօր իր մեծագույն մասնագիտական ձեռքբերումներից է համարում իր դստեր՝ 22-ամյա Անուշկայի հետ միասին նկարահանվելու փորձը: Իսկ անձնականի մասին ասաց. «Այսօր Ալեն Դելոնը սիրո պակաս ունի»:


«Շնորհավոր Ամանոր, մայրիկներ» ֆիլմի ստեղծագործական խմբի անդամների ամանորյա մաղթանքն էր՝ սիրել և սիրված լինել: Ֆիլմի ռեժիսորն ու պրոդյուսերն էլ ասացին, որ իրենց առաքելությունը կատարված կհամարեն, եթե ֆիլմը դիտելուց հետո գոնե մեկը զանգի մորը: Նույն առիթով Դելոնն ասաց, թե իր կյանքում չի եղել մի օր, որ չմտածի մոր մասին: Ու եթե նա հիմա կենդանի լիներ, Ամանորին նրան սովորական նվերներ չէր տա, ուղղակի նրա հետ կլիներ:


 

 

Ալեն Դելոնի հայաստանյան այցը՝ լուսանկարներով