Այրված տնակի ընտանիքին բնակարան տալը կարող է հրդեհը վարակիչ օրինակ դարձնել. Գյումրու ավագանու անդամ (տեսանյութ)

08:35 • 18.12.12

Գյումրու տնակային ավանում դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով անօթևան մնացած Պողոսյանների բազմազավակ ընտանիքը այժմ ժամանակավոր կացարան է գտել ազգականի աղքատիկ տնակում: Այդ մասին Tert.am-ին հայտնեց «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը, ով իրենց կենտրոնի կայքի միջոցով տարածել էր անօթևանի կարգավիճակում գտնվող ընտանիքին հանկարծակի պատած դժբախտության մասին պատմող տեսանյութը:


Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին կեսօրին անսպասելի և ուժգին հրդեհի ժամանակ 6 երեխաների մայրը ավագ որդու հետ խանութում է եղել, իսկ 10 և 9 տարեկան աղջիկները` դպրոցում: Ընտանիքի երեխաների պատմելով, այդ ժամանակ տնակում իրենից փոքր քույրիկների հետ գտնվող 6-ամյա աղջնակը, նկատելով հրդեհը, արագ-արագ, առանց վերարկուն հագնելու գրկել է մեկուկեսամյա քրոջը, ապա բռնելով 4-ամյա մյուս քրոջ ձեռքը, նրանց դուրս է հանել տնակից: Այնուհետև խանութից վերադարձած մայրն օգնության է կանչել հարևաններին, որոնք էլ զանգահարել են հրշեջներին: Վերջիններս բավական ուշ են ժամանել` մոտ կես ժամ անց, երեւի նաեւ այն պատճառով, որ տնակը գտնվում է քաղաքի ծայրամասերից մեկում, որտեղ մեքենաների համար դժվարանցանելի ճանապարհներ են: Տնակն ամբողջ գույքի և անգամ փաստաթղթերի հետ միասին այրվել էր:


«Տեսանյութից անմիջապես հետո տարբեր կազմակերպություններ, անհատներ, զգալի նշանակության օգնություն են տրամադրել այդ ընտանիքին, բայց ամեն դեպքում, այդ ընտանիքին առաջին հերթին ծածկ է պետք գլխավերևում: Կան նաև արձագանքներ Հոլանդիայից, Մոսկվայից, նյութական աջակցություններ են առաջարկում, բայց բնակարանի տեսքով դեռ չկա»,-ասաց Վահան Թումասյանը:


Ինչպես Tert.am-ին հայտնեց Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը այդ ընտանիքի հարցը հնարավոր է քննարկվի Գյումրիի ավագանու դեկտեմբերի 26-ի նիստում: «Այնտեղ շատ կարևոր հարցեր կան, բյուջե և այլն, բայց այդ հարցը, անպայման, պետք է քննարկվի, որպեսզի տեսնենք, թե այդ մարդկանց ինչպես կարող ենք օգնել, քաղաքապետարանը չի կարող և չունի բնակարանային ինչ-որ ֆոնդ, բնակարանային պաշարներ»,-ասաց Լևոն Բարսեղյանը:


Ավագանու անդամը մտահոգություն հայտնեց, որ նման դեպքերում բնակարան տալն էլ լուրջ ռիսկ է պարունակում իր մեջ, քանի որ 4000-ից ավելի անօթևան ընտանիքներում, որոնք ապրում են «լուցկու արագությամբ վառվող տնակներում» հրդեհը կարող է մասսայական դառնալ:


«Աստված չանի, կարող է օրինակը վարակիչ դառնալ, մեկը վերցնի և սկսի հրկիզել իր տունը: Հիմա, իհարկե, սա այդ դեպքը չէ, դա դժբախտություն է, բայց որ բացարձակ ընչազուրկ ընտանիք է դարձել, սարսափելի վիճակ է»,- ասաց Լևոն Բարսեղյանը:


«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահը նույնպես չի հերքում այդ վտանգի առկայությունը` շեշտադրելով սակայն, որ այս դեպքը դժբախտ պատահականություն է, և ոչ միտումնավոր արարք:


«Ընտանիքը այդ տարածքը ապօրինի է զբաղեցրած եղել, բայց երկար տարիներ այնտեղ ապրելով՝ որոշակի այգի էին ստեղծել, ծառեր մշակել: Բացի այդ, Պողոսյանները բնակարանի հավակնորդ չեն և երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած չեն համարվում»,-ասաց Վահան Թումասյանը:


ՀԿ-ի նախագահը մտաբերեց 1-2 դեպք, երբ հրդեհից հետո ընտանիքները բնակարան են ստացել, բայց նրանք անօթևանների ցուցակում հաշվառված են եղել և բնակարանի ստացումը համընկել է բնակարանների բաշխման ընթացքի հետ և նրանք ստացել են այն բնակարանը, որ պետք է ստանային.


«Բայց այս դեպքը մի քիչ տարբեր է նրանով, որ իրենք, կառավարության որոշմամբ է այդպես, չեն մտնում աղետի գոտում բնակարանների ապահովման ծրագրի պահանջների մեջ»,-ասաց Վահան Թումասյանը:


«Շիրակ կենտրոնի» նախագահի կարծիքով, եթե համայնքը անգամ ունենա ազատ բնակարան, Պողոսյանները չեն համաձայնի գնալ լքված որևէ շինություն, որովհետև ունեն մանկահասակ երեխաներ, շատ ծանր սոցիալական պայմաններում են, և իրենք չեն կարող որևէ կահավորում կամ հարդարում անել: «Ճիշտ կլինի, որ նրանց գոնե նոր բնակարան նվիրվի»,- ասաց Վահան Թումասյանը: