Օհայոյի նահանգապետը ներում է շնորհել ճարպակալմամբ տառապող կալանավորին
ԱՄՆ-ի Օհայո նահանգի նահանգապետ Ջոն Կասիչը ներում է շնորհել մահապատժի դատապարտված Ռոնալդ Փոստին, ով տառապում է ճարպակալմամբ, հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով Associated Press-ին։
Նման քայլի հիմք է հանդիսացել ներում շնորհելու խորհրդի անդամների որոշումը, ովքեր չեն կասկածում Փոստի մեղավորությանը, սակայն ընդունել են 29 տարի առաջ դատարանում թույլ տրված սխալները։
Խորհրդի 8 անդամներից 5-ը կողմ են քվեարկել դատապարտվածի մահապատիժն առանց ներման իրավունքի ցմահ բանտարկության փոխարինելուն։
204 կգ քաշ ունեցող 53-ամյա Փոստը սեպտեմբերին բողոքարկել էր մահապատժի վճիռը։ Նա վստահեցրել է, որ ավելորդ քաշի պատճառով մահապատիժն իր համար կլինի դանդաղ և տանջալից։
Ռոնալդ Փոստն ազատազրկվել էր 30 տարի առաջ, հյուրանոցի աշխատակցի սպանության համար։ Մահապատիժը պետք է իրականացվեր 2013թ. հունվարի 16-ին։










