Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Օկրուաշվիլին բանտում հացադուլ է հայտարարել
Վաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին, ով անօրինական զինված խմբավորումներ ստեղծելու մեղադրանքով գտնվում է Թբիլիսիի Գլդանիի №8 բանտում, հացադուլ է հայտարարել, հաղորդում է BBC-ն` հղում կատարելով նրա փաստաբաններ Զվիադ Կորձաձեի և Մամուկա Չաբաշվիլիի հայտարարությանը:
Փաստաբանների խոսքով՝ Օկրուաշվիլիի գործով ձերբակալված մի քանի մարդ արդեն մի քանր օր է հացադուլ են անում, իսկ նախկին նախարարը նրանց է միացել ի նշան համերաշխության:
Օկրուաշվիլին նաև կողմ է հանդես գալիս իր համախոհներին վրացական խորհրդարանի հաստատած քաղբանտարկյալների ցանկում ներառելուն:
Վրաստանի պաշտպանության նախկին նախարարն ընդդիմադիր «Վրացական կուսակցության» առաջնորդներից է։ Նա ձերբակալվել էր 2012թ. նոյեմբերին վրացական սահմանը հատելիս: Իսկ մինչ այդ գտնվում էր Ֆրանսիայում, որտեղ քաղաքական ապաստան էր ստացել:
2008թ. մարտի 28-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը հեռակա կարգով նրան դատապարտել էր 11 տարվա ազատազրկման` շորթման և պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով:










