Կրծքի ֆիզիկական սեղմումը դադարեցնում է քաղցկեղի բջիջների աճը. հետազոտություն

22:32 • 18.12.12

Կրծքի քաղցկեղի բջիջների աճը կանգնեցնելու համար բավարար է ուղիղ ֆիզիկական ճնշումը: Լաբորատոր փորձերը ցույց են տվել, որ ճնշվելով՝ բջիջները վերադարձել են աճի բնական սխեմային, գրում է The Daily Mail-ը:


ԱՄՆ Կալիֆոռնիայի Բերկլի համալսարանից Գաուտամ Վենուգոպալան նշում է. «Մարդկային մարմինը մշտապես ֆիզիկական ուժերի ազդեցության տակ է գտնվում, և դրանք անհրաժեշտ են: Օրինակ ձգողականության ուժը պետք է, որ մեր ոսկորները ամուր մնան և սրտամկանը չթուլանա: Ֆիզիկական ազդեցությունը շատ կարևոր է նաև քաղցկեղի աճի տեսանկյունից»:


Աշխատանքի ընթացքում Վենուգոպալան և իր գործընկերները աճեցրել են կրծքի չարորակ էպիթելային բջիջներ դոնդողի մեջ, որով լցրել են սիլիկոնային խցիկները: Նման կառուցվածքը հնարավորություն է տվել ֆիզիկական ներգործություն ունենալ քաղցկեղի աճի առաջին փուլում:


Ժամանակի ընթացքում չարորակ բջիջները սկսել են աճել առավել կազմակերպված ռեժիմով:


Երբ ձևավորվում էր կրծքի թաղանթի կառուցվածքը, չարորակ գոյացությունը և բջիջները դադարում էին աճել, նույնիսկ երբ դադարեցվում էր ճնշման ներգործությունը: Առանց սեղմվելու բջիջները աճում էին անկանոն կերպով, ինչը տանում է քաղցկեղի:


Գիտնականները հայտնաբերել են, որ հակաքաղցկեղային դեղամիջոցները, որոնք միտված են կանխելու չարորակ բջիջների միացումը հարևան` բնականոն վիճակում եղած բջիջներին, չեզոքացնում են ֆիզիկական սեղման դրական արդյունքը: