Այս տարի միայն ձմռան ամիսներին Հայաստանում արձանագրվել է շուրջ 1700 ՃՏՊ
Այս տարի միայն ձմռան ամիսներին ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) թիվը նախորդ տարվա նույն շրջանի համեմատ 1,5 անգամ ավելացել է. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը:
«Այս տարի միայն ձմռան ամիսներին արդեն ճանապարհատրանսպորտային պատահարների շուրջ 1700 դեպք է արձանագրվել, որը նախորդ տարվա համեմատ 1,5 անգամ շատ է: Պետք է նշեմ, որ բնակչության կողմից ոչ մի արձագանք չի մնում անպատասխան: Կրկնապատկել ենք մեր արձագանքումները՝ 800-ից ավելի արձագանքում ենք արել, ինչ զանգ եղել է արձագանքել ենք»,-ասաց նա և շեշտեց,որ հատկապես այս տարվա դեկտեմբերին շատ էին ՃՏՊ պատահարներն ու արտակարգ դեպքերը:
Ասուլիսին ներկա «Հայպետհիդրոմետի» օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը բացատրեց, թե ինչով է պայմանավորված վթարների ավելացման դեպքերը:
«Այս տարվա դեկտեմբեր ամսվա պատահարները պայմանավորված են առատ ձյան տեղումների հետ: Անցած տարի դեկտեմբերը սակավ ձյունառատ էր: Եթե անցած տարի այս շրջանում մայրաքաղաքում ձնածածկույթ չկար, այս տարի արդեն իսկ առկա է: Էլ չեմ ասում լեռնային շրջանների մասին»,- նշեց նա:
Հովհաննես Խանգելդյանը, նշելով, որ իրենք կապ չունեն ձյան մաքրման աշխատանքների հետ, քանի որ դա տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրն է, ասաց, որ, ըստ իր գնահատականի, աշխատանքները բավարար չափով են կատարվում։
«Բավարար է աշխատանքը, հիմա նույնիսկ ճանշին (ճանապարհ սպասարկող ընկերություններ - Tert.am) մեքենան է թաղվում ձյան մեջ, ձյունը պարբերաբար տեղում է»,-ասաց նա և ավելացրեց, որ նախորդ տարիների համեմատ ԱԻՆ-ը բավական մեծացրել է ՏԻՄ ղեկավար մարմինների հետ համագործակցությունը:
«Ճանապարհների մաքրման հետ կապված հարցերը տեղական մարմիններն են իրականացնում, ճանապարհների հանրապետական և պետական նշանակության ճանապարհներին չի դադարում ճանշին ընկերությունների մեքենանների մաքրման աշխատանքները»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հաճախ նշվող փակ ճանապարհների մասին, ապա դրանք փակվում են երբեմն մարդկանց անվտանգության նկատառումներով, ինչպես օրինակ Սելիմի լեռնանցքը, իսկ մյուս ճանապարհները փակվում են, քանի որ այդ հատվածները լեռնանցքներ են և բուքը ձյունը արագ տեղափոխում է և ճանապարհը փակում:
Վերջում նա բոլոր վարորդներին խորհուրդ տվեց, որ ավտոմեքենանների անիվների մաշված լինելու դեպքում դուրս չգալ, իսկ հեռավոր ճանապարհներ անցնելիս ԱԻՆ կայք և տեղեկանալ, թե ճանապարհները բաց են, թե ոչ:










