էթիկայի հանձնաժողովի կազմում իշխանության տեղերը ավելացնելու ՀՀԿ-ի փոփոխված նախագիծը ընդունվեց (թարմացված)

17:16 • 19.12.12

ՀՀ Ազգային Ժողովը 70 կողմ, 6 դեմ ձայներով ընդունեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը:

 

Վարման կարգով ձայն խնդրեց ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: Ըստ նրա, եթե ընդմիջում չհայտարարվեր և բացակա պատգամավորներին չհրավիրեին դահլիճ, նման պատկեր չէր լինի: «Միանգամից պետք է դրվեր քվեարկության, և, բնականաբար, այս պատկերը չէր լինի և չէր անցնի: Վերջապես մեծ պայքարով կարողացաք ապահովել, որպեսզի մեծամասնությունը իսկապես դառնա մեծամասնություն, հավաքվի դահլիճում և ոչ թե 63 հոգով անցկացնի նախագծեր»,-ասաց նա:


Նշենք, որ նախագիծը բավական տարբեր էր նախնական առաջարկից, և ինչպես Էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, 90%-ով փոխվել էին առաջարկությունները, և հանվել էր վետոյի իրավունքը, ինչպես նաև կոալիցիայի անդամների թիվը երկու անձով հանձնաժողովում ավելացնելու փոխարեն դարձել էր մեկը: Այդ իսկ պատճառով ընդդիմությունը և այլընտրանք համարվող ԲՀԿ-ն հայտարարեցին, որ կմասնակցեն էթիկայի հանձնաժողովի նիստերին:


Նախագծի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանը մինչ քվեարկությունը ներկայացրել էր նախագծում փոփոխությունները, ըստ որի հանձնաժողովը պետք է գործի «3+3+1» սկզբունքով: Նաև հանվել էր վետոյի իրավունքը:


Նշենք, որ մինչև քվեարկությունը Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ ընդունում է նախագծի համահեղինակ Դավիթ Հարությունյանի առաջարկը՝ հարցի շուրջ մասնակցել հեռուստատեսային քննարկմանը: 

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ կմասնակցեն նիստերին, քանի որ այն մասը, որ անգործության կմատներ հանձնաժողովի աշխատանքները՝ հանվել են:  «Սակայն, քանի որ կեսից խաղի կանոնները փոխելով մենք այդ նախագծին կողմ լինել չենք կարող»,-ասաց նա:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ ԲՀԿ-ն նույնպես չի մասնակցի քվեարկությանը: «Առավոտյան անընդունելի էր և մեկ ժամ առաջ խաղի կանոն է փոխվել: ԲՀԿ-ն կշարունակի մասնակցել, եթե, իհարկե, Դավիթ Հարությունյանի վերադարձից հետո նոր փոփոխություններ չլինեն, որովհետև մեծերի գործերն անկանխատեսելի են»,-հեգնեց նա:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ ընդդիմությունը ամեն ինչ արեց, որպեսզի կոմպրոմիս գտնվեր: «Այդ կոմպրոմիսը կարող էր լինել, բայց ոչ ամբողջության եղավ»,-ասաց նա:
ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանն էլ նշեց, որ ՀԱԿ-ը նույնպես չի մասնակցի քվեարկությանը:

Նախագծի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանն իր պարտքը համարեց տեղեկացնել, որ իր եզրափակիչ ելույթից հետո բոլոր խմբակցության ներկայացուցիչների հետ ևս մեկ անգամ քննարկել են նախագիծը և փոփոխություններ արվել: «Հնչել են առաջարկներ, որոնք երեկ քննարկվել էր, այն է, որ երեք գումարած երեք և գումարած մեկ սկզբունքով պետք է հանձնաժողովը գործի և հանվել է վետոյի իրավունքը, որը քննադատության հիմնական թիրախն էր»,- ասաց նա և բացատրեց, որ իրենց նախապես առաջարկը երկու անձով հանձնաժողովում ավելացնելու կրճատվել է մեկով: Այսինքն՝ ՀՀԿ և ՕԵԿ-ից կլինեն երեք, ընդդիմության խմբակցություններից մեկական և գումարած նաև ԲՀԿ-ից մեկ ներկայացուցիչ: