Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ մարդու իրավունքների թեմայով հանդիպում
Դեկտեմբերի 18-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստան-Եվրոպական Միություն մարդու իրավունքների շուրջ երկխոսության հերթական հանդիպումը, տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից:
Հանդիպումն անցել է բաց և կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն և մտահոգություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև՝ մարդու իրավունքների ոլորտում կոնկրետ համագործակցության հնարավորությունները:
Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, պատվիրակության կազմում էր նաև արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը: ԵՄ պատվիրակությունը գլխավորել է Եվրոպական արտաքին գործերի ծառայության Մարդու իրավունքների քաղաքականության ուղենիշների ստորաբաժանման ղեկավար Էլիզաբեթ Թիզոնըշ:
Երկխոսության ընթացքում մտքեր են փոխանակվել մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգի, դատական բարեփոխումների, ընտրությունների և ընտրական համակարգի, ազատ արտահայտվելու և տեղեկատվության ազատության, քաղաքացիական հասարակության ներգրավման, խոցելի խմբերի իրավունքների և այլ հարցերի շուրջ:
Պատվիրակությունները քննարկել են նաև մարդու իրավունքների շուրջ համագործակցության հնարավորությունները միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի շրջանակներում:
Եվրոպական Միությունը մարդու իրավունքների շուրջ մասնագիտացված քննարկումներ է անցկացնում մոտ 40 երկրների հետ:
Հայաստանի և ԵՄ միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսությունը մեկնարկել է 2009թ.-ին: Հանդիպումները տեղի են ունենում տարեկան մեկ անգամ, հաջորդաբար՝ Երևանում և Բրյուսելում:










