ՀԱԿ-ը ներկայացուցիչ չի գործուղել ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ հանձնաժողով. Տիգրան Մուկուչյան
Երեկ լրացել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ հանձնաժողովում Ազգային ժողովի խմբակցությունների կողմից աուդիտորների հայտերի ներկայացման ժամկետը: Բոլոր խմբակցությունները գործուղել են իրենց աուդիտորներին, բացառությամբ մեկ խմբակցության՝ «Հայ ազգային կոնգրեսի»: Այս մասին Tert.am-ին հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նշենք, որ այս հանձնաժողովի գործառույթների մեջ է մտնում ընտրություններին մասնակցող թեկնածուների գույքի և ունեցվածքի հայտարարագրերը և մյուս ֆինանսական փաստաթղթերը ստուգելը:
Վերջինս տեղեկացրեց նաև, որ ԿԸՀ-ն առաջիկա օրերին բրիտանական Lantrade Global Supplies սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պետք է հայտնի, թե ներկայացված թանաքանյութի 14 տեսակից, որն է ընտրում՝ փետրվարի 18-ին նշանակված նախագահի ընտրությունների ժամանակ կիրառելու համար:
Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններից հետո՝ կրկնակի քվեարկությունները բացառելու նպատակով, ներմուծվեց ընտրողների անձնագրերում օքսիդացող թանաքով կնիք դնելու կարգը, սակայն խորհրդարանական և Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում պարզ դարձավ, որ թանաքը օքսիդանում է ոչ թե 12 ժամ հետո, այլ շատ ավելի շուտ:
«Էս ընթացքում հսկայածավալ աշխատանք է կատարվել, որովհետև իրենք էլ են տեղյակ խնդիրներից և, ըստ էության, մեծ ծավալի աշխատանք են իրականացրել նաև իրենք. նոր լաբորատոր փորձեր և այլն, որի արդյունքում, ըստ էության, կատարելագործված նյութ են ստացել»,- ասաց Տիգրան Մուկուչյանը և ի պատասխան հարցի, թե ինչո՞ւ այլ ընկերությունների չեն դիմել, հավելեց, որ այս ընթացքում չեն կարողացել հայտնաբերել նմանատիպ այլ կազմակերպությունների, որոնք կստանձնեին նման գործառույթներ:
«Դա շատ առանձնահատուկ է և, ըստ էության, առաջինն ու միակը մենք ենք, որ անձնագրերի դրոշմակնքման համար նման նյութ ենք օգտագործում»,- ասաց ԿԸՀ նախագահը՝ հավելելով, որ այն կազմակերպությունները, որոնք մասնագիտացված են նման աշխատանքների մեջ, հայտնել են, որ իրենց համար ևս սա նորամուծություն է:
Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ ԿԸՀ-ում թանաքի առաջարկված տեսակներից փորձարկումներ են անում՝ ստուգելու, թե դրանք քանի ժամվա մեջ են անհետանում:
Ի պատասխան հարցի, թե դա հնարավոր չէ՞ր անել նաև նախորդ ընտրություններից առաջ, Տիգրան Մուկուչյանն ասաց. «Նախորդ ընտրությունների ժամանակ մենք դա իրականացրել էինք էստեղ։ Բնական է, իհարկե հրապարակայնությունը, որ հիմա ենք նախատեսում իրականացնել գործընթացին… նախկինում էդ եղանակով չի իրականացվել, որովհետև կարծում էինք, որ միայն այն ուսուցումը, որ իրականացնում էինք տեղամասերի համար բավարար կլիներ: Բայց կրկնում եմ՝ առաջին անգամ էր կիրառվում, և դրա հետ կապված խնդիրները և մոտեցումները ևս մեզ հիմք են տալիս, որ մեր աշխատանքում անենք փոփոխություններ, որպեսզի որևէ մեկի մոտ բացառենք ցանկացած հարցի առկայություն՝ կապված թանաքանյութի խնդրի շահարկման հետ»:
Ի պատասխան հարցի, թե ԿԸՀ-ն բրիտանական ֆիրմայից բացատրություններ պահանջե՞լ է, թե ինչու թանաքն «իրեն այդպես պահեց» նախորդ ընտրությունների ժամանակ, ԿԸՀ նախագահը նկատեց, որ ոչ բոլոր տեղերում է թանաքն օքսիդացել:
«Եղել են տեղեր, որտեղ այդ թանաքը շատ նորմալ է աշխատել, և փորձը ցույց է տվել, որ, ըստ էության, թանաքանյութն ուներ որոշակի առանձնահատկություն՝ որոշակի զանգված, որը առաջացնում էր նստվածք, համենայնդեպս, էն տեղամասերում, որտեղ թանաքը օգտագործումից առաջ պատշաճ կարգով չի խառնվել, նման դեպքեր են եղել»,- ասաց նա։
Զանգվածայի՞ն է դա եղել, թե՝ ոչ, այդ գնահատականը Տիգրան Մուկուչյանը թողնում է քաղաքական ուժերին, իսկ ինքն իր գնահատականն անում է գրանցամատյանների գրառումների հիման վրա:
«Եթե ընդամենը 205 տեղամասերում կար գրառումներ, այն էլ ՝ այդ գրառումների մի մասն էր վերաբերում թանաքանյութին, հիմք է տալիս ասելու, որ այն զանգվածային խնդիր չէր առաջացրել: Եղել են, խնդիրներ, իհարկե, բայց չի կարելի ասել, որ դա աղբանյութ էր»,-ամփոփեց ԿԸՀ նախագահը:
Ի պատասխան հարցի, թե հնարավո՞ր է, որ այս անգամ էլ թանաքանյութն «իրեն այդպես դրսևորի», Տիգրան Մուկուչյանն ասաց, որ ամեն ինչ արվում է և արվելու է, որ նման խնդիր չառաջանա:










