Ռուսաստանի իշխող կուսակցությունը բացատրել է մահացած պատգամավորի քվեարկելու պատճառը
Ռուսաստանի «Եդինայա Ռոսիա» խմբակցության ներկայացուցիչները խորհրդարանում բացատրել են, թե ինչպես է ԱՄՆ քաղաքացիներին ՌԴ-ում երեխաներ որդեգրելը արգելող օրենսդրական փոփոխության համար քվեարկել նախօրեին մահացած 75-ամյա պատգամավոր Վյաչեսլավ Օսիպովը, հաղորդում է BBC-ն:
«Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Դմիտրի Գուդկովը, ով փոփոխությանը դեմ է քվերարկել, Twitter-ում տեղակայել էր անվանական քվեարկության լուսանկարը:
Ցանկում մահացած Օսիպովի անվան առջև դրական քվե է նշված:
Այդ կապակցությամբ, «Եդինայա Ռոսիա» խմբակցության ներկայացուցիչ Վյաչեսլավ Տիմչենկոն հայտարարել է, որ Օսիպովը վաղուց հիվանդ էր: «Եվ, քանի որ նա չէր կարող ներկա գտնվել նիստերին, գործընկերներին իր անունից քվեարկելու լիազորագիր էր տրամադրել, ինչը Պետդումայի կանոնակարգը թույլ է տալիս», - ասել է Տիմչենկոն:










