Ուզբեկստանը պաշտոնապես դադարեցրել է ՀԱՊԿ-ին անդամակցությունը

14:52 • 19.12.12

Ուզբեկստանը պաշտոնապես դադարեցրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն անդամակցությունը։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

 

Ըստ նրա՝ Ուզբեկստանն այլևս հնարավորություն չի ունենա վերականգնել անդամակցությունը կազմակերպությանը։


«Մենք բավարարեցինք նրանց խնդրանքը և դադարեցրինք անդամակցությունը»,- ասել է Լուկաշենկոն։

Նշենք, որ նիստին մասնակցում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

 

Հունիսի վերջին Ուզբեկստանը ՀԱՊԿ քարտուղարություն էր ուղարկել իր անդամակցությունը կառույցին դադարեցնելու վերաբերյալ նոտա։ Այս երկիրն ավելի վաղ՝ 1999 թ.-ին, դադարեցրել էր անդամակցությունը, սակայն 2006-ին վերականգնել։

 

ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։