Պենտագոնը կստուգի հետախուզության գծով փոխնախարարի կապը բին Լադենի տվյալների արտահոսքի հետ

10:12 • 19.12.12

ԱՄՆ ռազմական գերատեսչության՝ Պենտագոնի աշխատակիցները ներքին հետաքննություն են վարում՝ պարզելու հետախուզության գծով փոխնախարար Մայքլ Վիքերսի կապը 2011թ. մայիսին Ուսամա բին Լադենի վերացման հատուկ գործողության վերաբերյալ գաղտնի տվյալների արտահոսքի հետ, հայտնում է Взгляд-ը։

 

«Այժմ գլխավոր տեսուչը հետաքննություն է վարում փոխնախարար Վիքերսի գործով, նա պետք է ներկայացնի իր սեփական եզրահանգումները։ Նախարարը լիովին վստահում է Վիքերսին և նրան հիանալի աշխատակից է համարում։ Պարոն Վիքերսը պրոֆեսիոնալ է ազգային անվտանգության ոլորտում»,- ասվում է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջորջ Լիթլի հաղորդագրությունում։

 

Նրա խոսքով՝ Վիքերսը, իրոք, 2011թ. ամռանը հանդիպել է «Ալ Կաիդա»-ի առաջնորդի սպանության մասին ֆիլմի հեղինակների հետ, սակայն ոչ մի գաղտնի տվյալ նրանց չի տրամադրել։ Ավելին, հարցազրույցի ողջ տեքստը ստուգվել է անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցների կողմից։

 

2012թ. ամռանը Հանրապետական կուսակցությունից մի խումբ սենատորներ և կոնգրեսականներ անհանգստություն են հայտնել, որ Բարաք Օբամայի նախագահության շրջանում ծառայողական տեղեկության չափազանց շատ «արտահոսք» է եղել, իսկ մեդիահաղորդակցության ներկայացուցիչների համար հասանելի են դարձել փաստաթղթեր, որոնք «գաղտնի» են և «ծառայողական օգտագործման համար»։