Առաջարկվել է Սոբչակին, Կասպարովին, ևս մի քանի գործիչների զրկել ՌԴ քաղաքացիությունից
Ամերիկյան «Մագնիտսկու ցուցակին» (կամ «Մագնիտսկու օրենք») ի պատասխան ՌԴ «Ազգային խորհուրդ» կազմակերպությունն առաջարկել է Ռուսաստանում օտարերկրացի լրտեսի կարգավիճակ տրամադրել ոչ միայն իրավաբանական, այլ նաև ֆիզիկական անձանց, որոնք որոշ դեպքերում կարող են զրկվել ՌԴ քաղաքացիությունից։
Ինչպես հայտնում է Взгляд-ը, «Ազգային խորհուրդ» ուղղափառ-հայրենասիրական կազմակերպության պետերբուրգյան մասնաճյուղը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին՝ ամերիկյան «Մագնիտսկու ցուցակին» «համարժեք» պատասխան տալու առաջարկով։
«Պետդումայի առաջարկը՝ ստեղծել «Դիմա Յակովլևի ցանկ» (որտեղ կներառվեն ԱՄՆ-ում որդեգրված ռուս երեխաների մահվան մեջ մեղավորները-Tert.am) «Մագնիտսկու ցուցակի» համարժեք պատասխանը չէ, քանի որ այն, ի տարբերություն «Մագնիտսկու ցուցակի», վտանգ չի ներկայացնում ամերիկյան քաղաքական էլիտայի և բիզնեսի համար, այլ ուղղված է կոնկրետ մասնավոր անձանց դեմ»,- ասվում է կազմակերպության կայքում։
Առավել արդյունավետ պատասխան է Ռուսաստանում մի շարք անձանց նկատմամբ պատժամիջոցների սահմանումը, «առաջին հերթին՝ պետական ապարատից և առաջատար լրատվամիջոցներից, որոնք ՌԴ-ում ԱՄՆ Պետդեպի քաղաքականություն են վարում»։
Բերվում են կոնկրետ անձանց անուններ՝ Վլադիմիր Պոզներ, Մարատ Գելման, Քսենիա Սոբչակ, Ալեքսեյ Նավալնի, Բորիս Նեմցով, Գարի Կասպարով, այլք։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ Սենատն ընդունել է «Մագնիտսկու օրենքը» (ռուսական բանտում սպանված իրավաբանի անունով), որով բազմաթիվ ռուսաստանցի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ է նախատեսվում կիրառել:










