Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է նախագահական ընտրությունների հարցը
Այսօր ՀՀ առաջին նախագահ, «Հայ զգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի» առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀԱԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։
Դեսպանի խնդրանքով, Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, առաջիկա նախագահական ընտրություններին առնչվող զարգացումները և դրանց վերաբերյալ իր մոտեցումները:
Առաջին նախագահն անդրադարձ է կատարել նաև Հայաստանի առջև ծառացած ներքին մարտահրավերներին, մասնավորապես համակարգային կոռուպցիային, ժողովրդավարական ազատությունների և հեռուստաեթերում բազմակարծության և տնտեսական մրցակցության բացակայությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության Առաջին խորհրդական Իզաբել Գինելը և Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը:










