Time-ը «Տարվա մարդ» է ճանաչել Բարաք Օբամային
Ամերիկյան Time հանդեսը «Տարվա մարդ» է ճանաչել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, ով էլ հենց հրատարակության նոր համարի կազմին է:
Կից ներկայացվում է Օբամայի պատմությունը, թե ինչպես 27 տարի առաջ նա Նյու Յորքից Չիկագո գնաց՝ Honda մակնիշի 2000 դոլարանոց մեքենայով: «Այժմ էլ Օբամայի տեսքը տեղն է», - արձանագրում է Time-ը, միայն թե մազերն են ճերմակել:
Միևնույն ժամանակ աղբյուրը նշում է, որ քարոզարշավի վերջին օրերը կարող են փոխել ցանկացած, նույնիսկ ամենափորձառու քաղաքական գործչի արտաքինը:
Այլ հավակնորդների թվում էին Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ոչ քաղաքական դեմքերից՝ սկանդալային Pussy Riot ռուսական խումբը, ավստրիացի սքայդրայվեր Ֆելիքս Բաումգարտները, հարավկորեացի ռեփեր PSY-ն, ընդհանուր առմամբ՝ 38 անուն:
Նշենք, որ Time-ը Բարաք Օբամային «Տարվա մարդ» է ճանաչել նաև 2008թ.-ին։ Իսկ նախորդ «Տարվա մարդ»-ը դարձել է աբստրակտ «բողոքարարը». այդ քայլով ամսագիրն ընդգծել է 2011-ին աշխարհում տեղի ունեցած բողոքի ցույցերի կարևորությունը։
Օրեր առաջ Time-ի ընթերցողների վարկածով «Տարվա մարդ» է ճանաչվել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Հարկ է նշել, որ մինչ այսօր ընթերցողների և ամսագրի կարծիքները չեն համընկել։
Ամսագիրը «Տարվա մարդ» է ընտրում 1927թ.-ից սկսած։ Այդ ժամանակից ի վեր ամփոփիչ համարի շապիկին են հայտնվել Մահաթմա Գանդին, Ադոլֆ Հիտլերը, Իոսիֆ Ստալինը՝ կրկնակի, Ուինսթոն Չերչիլը, Վլադիմիր Պուտինը։










