Չարաշահումների մեղադրանք ԵՊՀ աշխատակազմի ղեկավարի դեմ, վերջինս հերքում է այն

12:18 • 19.12.12

Tert.am-ի խմբագրության էլեկտրոնային հասցեով անստորագիր մի նամակ է եկել, որում տեղեկացվում է, թե Երևանի պետական համալսարանի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը, ստանալով 150 000–200 000 դրամ աշխատավարձ, իր պաշտոնին նշանակվելուց հետո, մեկ տարվա ընթացքում շքեղ առանձնատուն է կառուցել Երևանի Դավթաշեն թաղամասում և շքեղ ավտոմեքենա գնել:

 

Նշվում է, որ ԵՊՀ աշխատակազմի ղեկավարը ԵՊՀ գնումների հանձնաժողովի նախագահն է, զբաղված է չարաշահումներով և ունի արտոնյալ կարգավիճակ:

 

«Բավական է միայն նշել, որ այս երիտասարդին են պատկանում ԵՊՀ-ում մի շարք բիզնեսներ, մասնավորապես՝ սուրճի ապարատներ, պատճենահանման կետեր և այլն: Սակայն Ալիկ Ղարիբյանը միայն սրանով չի սահմանափակվում. նա հսկայական գումարներ է աշխատում նաև հեռակա ուսուցման ընդունելության քննությունների ժամանակ` հայտնի ձևերով կազմակերպելով ուսանողների ընդունելությունը մայր բուհ»,- նշում է նամակի հեղինակը և ավելացնում, որ Ալիկ Ղարիբյանը գումարներ է գանձում նաև ընթացիկ քննական շրջաններում` օգտագործելով ռեկտոր Արամ Սիմոնյանի անունը:

 

Tert.am-ը զրուցեց Ալիկ Ղարիբյանի հետ, ով հերքեց նամակագրի նշած բոլոր մեղադրանքները:

 

Նորակառույց տան վերաբերյալ, ԵՊՀ աշխատակազմի ղեկավարն ասաց, որ դա Դավթաշենում չէ, այլ Զովունիում, ապա հավելեց. «Եղբայրս և հայրս շինարարներ են և էդ տունն էլ, արդեն յոթ տարի է՝ կառուցվել է իրենց ձեռքով: Ու դեռ ոչ ավարտել եմ, ոչ էլ վկայական ունեմ»:

 

Ալիկ Ղարիբյանը նաև նշեց, որ ԵՊՀ-ում աշխատում է 2005 թվականից, բայց, իհարկե, ոչ որպես աշխատակազմի ղեկավար:

 

Ինչ վերաբերում է «Միցուբիշի» ավտոմեքենային, ապա դա էլ Ալիկ Ղարիբյանի եղբոր նվերն է:


«Որպեսզի ես կարողանամ գալ-գնալ, Զովունիի տարածք է և երկու կիլոմետր գնալ-գալ ուղղակի ֆիզիկապես անհնար է, և որևէ տրանսպորտային միջոց էլ այդտեղ չի աշխատում»,-ասաց ԵՊՀ աշխատակազմի ղեկավարը:


Համալսարանի պատճենահանման կետերի հետ կապված, Ալիկ Ղարիբյանն ասաց, որ չորս պատճենահանման կետերը պայմանագրով ամրագրված են «ԵՊՀ շրջանավարտների միավորմանը», ֆիքսված են որպես վճարող, և այդ վճարումները մտնում են ԵՊՀ ու պետական բյուջե, իր անձնական սեփականությունը չեն, և նման բան լինել չի կարող:


«ԵՊՀ-ում ամրագրված է պայմանագրով և էդ պայմանագիրն էլ, որպես այդպիսին, նոտարական վավերացումով կնքված՝ գործում է ԵՊՀ-ի և «ԵՊՀ շրջանավարտների միության» միջև»,- ասաց նա։

 

Իսկ պատճենահանման կետերի «աշխատացնողը» և պատասխանատուն, ըստ Ալիկ Ղարիբյանի, «ԵՊՀ շրջանավարտների միավորման» տնօրենն է, ով էլ կատարում է համապատասխան վճարումները, իսկ աշխատակազմն էլ վերահսկում է պայմանագրի կատարումը. որքանո՞վ են այդ գումարները մտնում բուհի բյուջե: Նույն պատասխանը նա տվեց կապված սուրճի ավտոմատների մասով: