Անվադողը, եթե ձմեռային չէ, նշանակում է անվադող չկա, իսկ վարորդն էլ ղեկ չունի. ՀՀ ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ

16:41 • 19.12.12

Ձմռանը վարորդները չպետք է նստեն ղեկին, եթե ավտոմեքենայի անվադողերը մաշված են։ Նույնիսկ ամբողջովին նոր անվադողը, եթե ձմեռային չէ, նշանակում է չկա անվադող, իսկ վարորդն իր ձեռքին ղեկ չունի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Մկրտիչ Փիլթոյանը և հորդորեց վարորդներին երթուղի դուրս գալ միայն ձմեռային անվադողերով:


Փիլթոյանը փաստեց, որ կան երկրներ, որտեղ օրենքով սահմանված է, որ նոյեմբերի 1-ից բոլոր մեքենաները պետք է ձմեռային անվադողերով երթևեկեն: Նման փորձը, ըստ նրա, կարելի է կիրառել նաև Հայաստանում, քանի որ այսօր այդ հարցերը կարգավորող որևէ մարմին չկա:


Հարցի շուրջ ասուլիսին ներկա ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Հայկ Սարգսյանն էլ ասաց, որ իրենք չեն կարող ընկնել տնետուն և հորդորել, որպեսզի վարորդները փոխեն անվադողերը: «Վարորդները պետք է իրենք հասկանան, որ դա անհրաժեշտություն է»,- ասաց նա:


Մեքենաների տեխզննման մասին Հայկ Սարգսյանն ասաց, որ եթե տեխզննումը չի կատարվում համապատասխան կայաններում, ի՞նչ տեխզննման մասին կարող է խոսք լինել: