Ոստիկանությունը զանգվածային անկարգությունների կանխմանն ուղղված զորավարժություն է անցկացրել (լուսանկարներ, տեսանյութ)
Զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների փոխհամագործակցությունը և գործողությունների ներդաշնակումն ապահովելու, զինծառայողների և ոստիկանության ծառայողների ունակություններն ու հմտությունները կատարելագործելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի հրամանով դեկտեմբերի 17-ից 19-ը «Արզնի» օդանավակայանի տարածքում` «Ոստիկանության համահավաք ջոկատի գործողությունները զանգվածային անկարգությունների կանխման և խափանման ընթացքում» թեմայով կազմակերպվել և անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն` ոստիկանության ստորաբաժանումների և ոստիկանության զորքերի ծառայողների մասնակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության կայքից:
Զորավարժության կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ` ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի ղեկավարությամբ: Դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել զորավարժության գլխավոր փուլը, որին նախորդել է հատուկ տեխնիկայի ցուցադրությունը:
Բուն զորավարժության ընթացքում ստորաբաժանումները, նախնական պլանի համաձայն, լիարժեք իրականացրել են առաջադրված խնդիրները: Հրամանատարաշտաբային զորավարժությունն անցել է կազմակերպչական պատշաճ մակարդակով:
Վարժանքների ընթացքում առավել աչքի ընկած ծառայողները ՀՀ ոստիկանության պետի և ոստիկանության զորքերի հրամանատարի կողմից արժանացել են պարգևների: Զորավարժության ավարտին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ:










