ԱՄՆ-ի պետդեպի դիվանագիտական անվտանգության վարչության պետը հրաժարական է տվել

10:15 • 20.12.12

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի դիվանագիտական անվտանգության վարչության ղեկավար Էրիկ Բոսվելը լքել է իր պաշտոնը 2012 թ. սեպտեմբերի 11-ին Բենգազիում ամերիկյան դեսպանատան վրա հարձակման մասին զեկույցի հրապարակումից հետո, հայտնում է Газета-ն՝ հղում անելով Reuters-ին։

 

Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդի խոսքով՝ Բոսվելը հրաժարական է տվել հետաքննության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո։ Բացի այդ, իրենց պաշտոններից հեռացվել են նաև պետդեպի ևս 3 աշխատակիցներ, որոնց անունները չեն հրապարակվում։

 

«Զեկույց. Լիբիայում ԱՄՆ-ի դեսպանի սպանության պատճառների հետաքննություն» վերնագրով փաստաթուղթը հրապարակվել է երեքշաբթի։ Դրանում խիստ քննադատության է ենթարկվում Հիլարի Քլինթոնի ղեկավարած պետդեպարտամենտը, որի թերի աշխատանքն էլ հանգեցրել է Լիբիայում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստոֆեր Սթիվենսի և ևս 3 ամերիկացու մահվանը։

 

Զեկույցում, մասնավորապես, նշվում է, որ պետդեպի դիվանագիտական անվտանգության վարչության և Մերձավոր Արևելքի վարչության միջև համագործակցությունը բացակայել է։ Այս կապակցությամբ Քլինթոնը հայտարարել է, որ ընդունում է այն բոլոր եզրակացությունները, որոնոց հանգել է հետաքննությունը։