FEMEN-ի ակտիվիստուհիները «կրծքով են պաշտպանել» Եգիպտոսի ժողովրդի իրավունքները՝ հանդես գալով նոր սահմանադրության դեմ. RBC Daily
Ուկրաինական FEMEN չգրանցված շարժման ակտիվիստուհիները հակաիսլամիստական եգիպտացի ակտիվիստուհի Ալիյա ալ-Մահդիի հետ համատեղ հանդես են եկել Եգիպտոսի նոր սահմանադրության դեմ՝ գրում է RBC Daily-ն իր «FEMEN-ի ակտիվիստուհիները կրծքով դեմ են դուրս եկել Եգիպտոսի սահմանադրությանը» անդրադարձում:
Եգիպտոսի նախագահի այս նախաձեռնության դեմ հանդես գալով՝ ակտիվիստուհիները բողոքի ցույց են արել Ստոկհոլմում Եգիպտոսի դեսպանատան մոտ: Աղջիկներն իրենց աջակցությունն են հայտնել «եգիպտացի հերոսներին», որոնք դիմակայում են «Սահմանադրության շարիաթաբռնապետական նախագծին»:
«FEMEN-ը մեծ Եգիպտոսի ժողովրդին կոչ է անում երես դարձնել նորահայտ Մուրսի մարգարեի կրոնական կաբալայից և ինքն իրեն արժանապատիվ ժողովրդավարական զարգացման հնարավորություն ընձեռել», - ասված է կազմակերպության հայտարարության մեջ:
Ակցիան, ավանդույթի համաձայն անցել է մերկ: Աղջիկներն իրենց կրծքերին կատարել են հետևյալ գրառումը. «Շարիաթը սահմանադրություն չէ»: Մարմինների որոշ հատվածներ աղջիկները ծածկել են Ղուրանի տեսքով պաստառներով: Իսկ Մուրսիին նրանք խորհուրդ են տվել չկրակել սեփական ժողովրդի վրա, քանի որ այդ դեպքում նրա վերջին ապաստանը կդառնան ոչ թե եգիպտական բուրգերը, այլ «կոկորդիլոսներով վխտացող Նեղոսը»:










